Մաշկաբան Էմիլ Միրզոյանը, խոսելով շոգ եղանակին մաշկի հետ կապված խնդիրների մասին, նշեց, որ մաշկի համար ամենալավ պաշտպանվածությունը կարող են ապահովել լավ որակի արևապաշտպան քսուքները: Նրա խոսքով՝ դրանք պետք է լինեն 50 SPF և ավելի պաշտպանվածության աստիճանի, քանի որ միայն այդ աստիճանի SPF-ներն են, որ ապահովում են մաշկի համար լավ պաշտպանություն արևից:
Մաշկաբանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է քսուքների ճիշտ օգտագործումը.
«Շատ դեպքերում մարդիկ հենց ծովափում են քսում քսուքները ու հետո բողոքում, որ չի օգնում: Բայց այդ քսուքները սկսում են աշխատել քսելուց 30 րոպե անց: Հետևաբար՝ պետք է այն քսել տանից դուրս գալուց կես ժամ առաջ: Բացի դա էլ՝ եթե արևի տակ երկար եք մնում, 2 ժամը մեկ պետք է թարմացնեք արևապաշտպան քսուքը»:
Եթե, այնուամենայնիվ, արևայրուք կա, ապա Էմիլ Միրզոյանը նշեց, որ պետք է օգտագործել pantenol պարունակող կրեմներ:
«Ամեն դեպքում ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Չափավոր արևայրուքը հա՛մ գեղեցիկ է, հա՛մ առողջարար, բայց այն չի կարելի չարաշահել: Մանավորապես՝ չի կարելի արևայրուք ընդունել ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ արևի ուղիղ ճառագայթում է տեղի ունենում»,- նշեց մասնագետը:
Մաշկաբանը խորհուրդ տվեց հագնել ավելի թեթև, բաց գույնի հագուստ, որպեսզի արևի ճառագայթներն անդրադարձնի ավելի շատ:
Անի Թորոսյան