Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մի երիտասարդ տղա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Լյուդվիգ Սիրեկանյանն է, ով այսօր՝ օգոստոսի 9-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
Արդեն հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Նարեկ Մենդիկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Գառնու ձորից, որտեղ ինչ-որ ՍՊԸ-ի կողմից կատարում էին ջրագծի անցկացման աշխատանքներ, և Լ. Սիրեկանյանն աշխատում էր այդ ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրաեռակցող։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատանքների ժամանակ «կռանի կոշը» պոկվել և ընկել է այն երկաթե խողովակի վրա, որում աշխատանքներ կատարելիս է եղել երիտասարդը, ինչի պատճառով էլ նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն է հանգեցրել է մահվան։