ԱՆ քրեակատարողական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ռուսաստանի Դաշնության դատարանի դատավճիռը ճանաչելու նպատակով:
«Հրաչյա Հարությունյանի տեղափոխությունից հետո հուլիսի 27-ին Քրեակատարողական վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանի դատարանի կողմից ճանաչելու նպատակով և սպասում է դատարանի կողմից պատասխանի»,- տեղեկացրին ԱՆ ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:
Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013 թ.հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին է եղել, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էին 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել։