Որևէ աղմկոտ գործի հետ կապված, երբ բան չես հասկանում, պարզապես թղթի վրա պիտի վերարտադրես իրողությունն ու կարդաս։ Կարդալուց հետո կծիծաղես ու ասես՝ այդքան պարզ բանը ո՜նց չեմ հասկացել։
Մի օրինակի վրա փորձարկենք․
Երգչուհի Ալլա Լևոնյանի սպանության սպառնալիքի հետ կապված աղմուկ է բարձրացավ։ Բնական է, երբ ֆեյսբուքի ջրաղացն է ընկնում մեր հայտնիներից մեկը, հազվադեպ է լինում, որ «աղացված վիճակում դուրս չգա»։ Այդ առումով զարմացա, որ երգչուհին իր թեման աղաց է մտցրել։
Ինչևէ, սահմռկեցուցիչ էր բուն սպանության սպառնալիքի փաստը․
«Ոստիկանությունը որոնում է սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ տված ֆեյսբուքյան օգտատիրոջը»։
Այսօր կայքերից մեկում կարդում եմ Ալլայի մեկնաբանությունը․
«Սպանության սպառնալիք ինքը չի ստացել, այնտեղ ամեն ինչ ճիշտ էր գրված, բացի «սպանություն» բառից: Դա ավելորդ մեղադրանք է»:
Ի՞նչ մնաց տակը։ Որ երգչուհուն «կպնող հոդվածներ են գրել»։ Որակումները երգչուհունն են՝ շատ տգեղ, սուտ ինֆորմացիա պարունակող ու զրպարտող հոդվածներ։
Որպես լրագրող իրավու՞նք չունեմ իմ խոսքը ասելու․
Դառնամ, գովաբանեմ
ԶՇուշան Պետրոսյանին,— հազա՜ր զգովեստով,
Դառնամ, գովաբանեմ
ԶԳալուստ Սահակյանին,— հազա՜ր զգովեստով.
Դառնամ, գովաբանեմ
Զգեներալներին,— հազա՜ր զգովեստով.
Դառնամ, գովաբանեմ զվարչապետներին
Անձամբ Հովիկին,— հազա՜ր զգովեստով.
Դառնամ, գովաբանեմ
ԶՆախարարներին,— հազա՜ր զգովեստով.
Դառնամ, գովաբանեմ
Զմեծ ու փոքր մեր պաշտոնյաներին ու երգիչներին,
Հազա՜ր զգովեստով,
Որ մեզ չեն տարել, ինչ էլ գրել ենք՝
Զ՛ ոստիկանություն․․․
Հիշեցնենք, որ Երգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին ոստիկանության ծառայություն հաղորդում է տվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը, ով USArmenianews.com» կայքի ղեկավարն է, պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, պարզվում դեպքի հանգամանքները:
Հասմիկ Բաբաջանյան
hraparak.am