Երեկ`օգոստոսի 15-ին, Շիրակի մարզի Հացիկ գյուղում կախված են գտել նույն գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 19-ամյա Աբաս Սլոյանին: Վերջինս զինծառայող էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ հարազատների խոսքով` նա դեռ մեկ ամիս էլ չկար, որ մեկնել էր ծառայության, մի քանի օր առաջ նրա երդման արարողություն է եղել, բոլոր հարազատները, ընկերները գնացել են: Պատմում էին, որ նա մեծ սիրով էր մեկնել ծառայության, նույնիսկ Արցախ մեկնելու ցանկություն է ունեցել:
Հացիկում նրա ինքնասպանության հետ կապված հետեւյալ վարկածն է շրջանառվում, որ նա զորամասում զրույցի ընթացքում ասել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ, ովքեր Արցախից են տեղափոխվել Արմավիրի զորամաս, նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: Ըստ Հացիկի բնակիչների` փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով` 7-8 հոգով Աբասին ծեծել են, նա էլ զորամասից փախել, եկել է գյուղ եւ ասել, որ հրաժարվում է զորամաս գնալուց, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը: Այս վարկածը armtimes.com-ին պատմեց Գյումրի-Հացիկ ավտոբուսի ուղեւորներից մեկը, թեեւ Հացիկում եղան բնակիչներ, ովքեր կրկին նշեցին, որ լսել են այս պատմությունը:
«Այդ օրն` ամբողջ ցերեկ տանը չի եղել, քույրը պատահական անցել է հացատան կողքով եւ տեսել է նրա թեւը, ուշագնաց է եղել, այդպես իմացել են, որ նա կախվել է: Կախվելու պրոցեսն էլ այնքան պրիմիտիվ է եղել, որ ուզեր կարող էր իր կյանքը փրկել: Հացատան գերանին ընդամենը մեկ տուկի թել է քցել ու վերջ: Այսինքն՝ վիզն ամբողջովին թելով չի փաթաթել, թելի մի մասը վզի կողմից է եղել, մեկն էլ գերանից»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմեց համագյուղացիներից մեկը:
Մեկ այլ վարկածի համաձայն էլ`ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Աբասի նախկին փեսան:
«Նա, որ եկել է տուն գլխի եւ ճակատի մասում արյունոտ վերքի թարմ տեղեր են եղել, բայց նա այդ մասին ոչ մի բան չի ասել հարազատներին»,-պատմեցին Հացիկում:
Այս վարկածներն Աբասի հայրը եւ մյուս հարազատները կտրականապես հերքեցին: Նրանք որեւէ պատճառ չեն կարողանում ասել, թե ինչը կարող էր տղային ստիպել նման քայլի գնալ:
Քիչ առաջ Հացիկ տեղափոխեցին նաեւ Աբասի դին, այն տարվել էր Երեւան փորձաքննության: Գյուղում բոլորը մի մարդու նման սգում էին Աբասի մահը: Միմյանց հերթ չտալով պատմում էին, որ շնորհքով, մարդկային հատկանիշներով օժտված երիտասարդ է եղել: Ակտիվությամբ աչքի չի ընկել, սակայն երբեք չի թույլ տվել, որ որեւէ մեկը փորձեր իր պատվին կպնել: Աբասը սպորտսմեն էր, ըմբիշ: Նրա անձնական մարզիչը մեզ հետ զրույցում ասում էր, որ նա այս ասպարեզում մեծ հաջողությունների էր հասել եւ ավելին անելու ցանկություն ուներ:
«Առաջին դասարանում` 24 կգ քաշով մոտս եկավ պարապմունքի: Մինչեւ բանակ գնալը պարապել է, եկել պարապել է, իրիգունը քեֆն արել ենք ու նոր բանակ է գնացել: Նոր էր մտել երիտասարդների հավաքական, դեռ մեծ անելիք ուներ, մեծահասակների հավաքական էր մտնելու: Միշտ պատրաստ էր բոլորին օգնելու»,- ասաց մարզիչը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: