Օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Գյումրու 7-րդ դպրոցի մոտ գտնվող 50-ամյակի կամրջից քաղաքացի է ընկել և մահացել: Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մարտիրոսյանն էր: Դեպքը մոտավորապես, ոչ պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել 08:30-09:00 ընկած հատվածում: Ոստիկանության ՀԼՎ-ից փոխանցում են, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժինն այս մասին ահազանգ ստացել է 09:10 րոպեին և մի քանի րոպե անց ժամանել դեպքի վայր: ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության աշխատակիցները, ըստ վարչության պետ Արթուր Կարապետյանի, պատահարի մասին տեղեկացել են 09:08 րոպեին և երեք րոպե անց կրկին ժամանել են դեպքի վայր: Գյումրու շտապբուժօգնության կայանից էլ փոխանցում են, որ դեպքի մասին կառույցն ահազանգ ստացել է 09:00-ին, իսկ խումբն կամրջի մոտ հասել է 09:04 րոպեին:
Ստացվում է, որ բոլոր օղակները գործել են հրատապ, սակայն Մարտիրոսյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Երեկ՝ դեպքից մեկ-երկու ժամ հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ ոստիկանները ընկածին օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե անձի ինքնությունն են փորձել պարզել, որն էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի Մարտիրոսյանը համապատասխան բժշկական օգնություն րոպե առաջ չստանա:
Պատմում է դեպքի ականատեսը. «…Այսօր առավոտյան՝ (նկատի ունի օգոստոսի 15-ին,-հեղ.) ժամը 9:00-ի մոտակայքում, Գյումրու 50-ամյակի կամրջից քաղաքացի է ցած նետվել (ինքնասպանության փորձ): Մարդը լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերն են կոտրվել և այլն… քաղաքացուն օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե ոստիկանության աշխատակիցները էդ մարդու անձնական տվյալներն են ճշտում, էն էլ ոչ թե նրան մոտ գնալով, այլ մի քանի մետր բարձրությունից: Ականատեսը պատմում է, որ քաղաքացին գոռում էր, օգնություն խնդրում, տանջվում, բայց տարածքում գտնվող իրավապահ համակարգի ներկայացուցիչները հանգիստ, իրենց հավեսով գործն անում են, վերջացնում, հետո նոր թույլատրում, որ ինքնասպանության փորձ կատարած մարդուն տեղափոխեն հիվանդանոց…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԼԱ հ/ը լրագրող Հերմինե Մկրտչյանը, որին տեղեկությունը տրամադրել է ականատեսներից մեկը:
Գյումրի ԲԿ-ից տեղեկացնում են, որ Սամվել Մարտիրոսյանը հիվանդանոց տեղափոխվել է 09:45 րոպեին, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կոմային վիճակ, բազմաթիվ կոտրվածքներ: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, և Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ տեղում մահացել է:
Ամբողջությամբ՝ armtimes.com