Հիշեցնենք, որ այդ օրը հակառակորդի արձակած կրակոցներից Չինարի գյուղը մեծ վնասներ է կրել: Խոշոր չափի վնասներ է հասցվել հատկապես գյուղի ֆերմերներից մեկին: Ֆերմերի անասնագոմի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով վառվել է մոտ 3000 հակ խոտ, էլեկտրական աղացը և կից շինությունը: Ընդհանուր առմամբ՝ մոտ 12 մլն դրամի վնաս է հասցվել:
Երբ հակառակորդը սկսել է կրակել, 17-ամյա Աղասի Միրզոյանը գյուղի գերեզմանատան տարածքում է եղել՝ անասուններին արոտավայր տանելիս: Աղասի Միրզոյանին փրկել է համագյուղացու շիրմաքարը:
17-ամյա երիտասարդի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
– Աղասի, ե՞րբ հնչեցին կրակոցները, դուք արդեն գերեզմանատա՞նն էիք:
– Հասել եմ գերեզմանոց, որից հետո էլ կրակոցները հնչեցին:
– Ինչպե՞ս եք նկատել, որ կրակոցները հենց ձեր ուղղությամբ են հնչում:
– Տեսա, որ գլխիս վերևում պատրոնն անցնում ա:
– Դուք որտե՞ղ եք թաքնվել:
-Թաքնվեցի գերեզմանոցի քարերի հետևը: Մոտ մեկ ժամ մնացել եմ տենց՝ քարերի հետևում, կես ժամ էլ պառկած եմ եղել: Հենց վեր էի կենում, որ գնայի, սկսում էին կրակել, հասկացել էին, որ ես ըտեղ եմ, իրենց նշանառության տակ էի: Մեկ ժամ հետո դադարեցրին կրակոցները:
– Ինչի՞ց հետո դադարեցրին, մեր կողմից պատասխան կրակոցներ եղա՞ն:
– Այո, պատասխան կրակոցներից հետո դադարեցրել են կրակել:
– Դուք այդ մեկ ժամվա ընթացքում մենա՞կ եք եղել:
– Այո:
– Կրակոցների հետևանքով վնասվածքներ ստացե՞լ եք:
– Ոչ, չեմ ստացել, ո՛չ ես եմ տուժել, ոչ էլ՝ անասունները:
– Նման դեպք ձեզ հետ էլի եղե՞լ էր:
– Ոչ սա առաջին դեպքն էր, մի փոքր վախեցել էի:
Նշենք, որ Աղասի Միրզոյանն ավարտել է դպրոցը: Այժմ գյուղում տարբեր աշխատանքներ է անում: Մեր զրույցում նա նշեց, որ մյուս տարի ամռանը կզորակոչվի բանակ:
Աղասի Միրզոյանին սպանելու փորձի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Տեղեկացանք, որ քրեական գործի շրջանակներում պատանին հարցաքննվել է: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 20-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների փաստով ՀՀ քննչական կոմիտեում մի քանի քրեական գործ է հարուցվել. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ևս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):