Դերասան Վահագն Սիմոնյանը «Ջամբոյի» սեփականատիրոջը մեղադրում է երեխաներին պատանդ պահելու մեջ. aravot.am
Advertisement 1000 x 90

Դերասան Վահագն Սիմոնյանը «Ջամբոյի» սեփականատիրոջը մեղադրում է երեխաներին պատանդ պահելու մեջ. aravot.am

Պահմտոցի հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վաղը մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր որդիներին Ձորաղբյուրի «Ջամբո» համալիրում պատանդ պահելու վերաբերյալ ահազանգելու համար:

Նա Aravot.am-ին ասել է, որ իր երեխաներին օգտագործում են, հրահրում են իր դեմ: Թե ո՞վ է այդ ամենի հետևում կանգնած` մեր հարցին էլ պատասխանեց «Ջամբոյի» սեփականատերը՝ Արտյոմ Վարդանյանը:

Վահագն Սիմոնյանի խոսքով` վերջինս օրեր առաջ որսորդական հրացանով իր տղայի ականջի տակ է կրակել, իր տան վրա էլ զինված հարձակում իրականացրել: «Երեխեքիս փրկել է պետք: Արգելված է իմ երեխաների հետ նույնիսկ խոսեմ: Ես տեղյակ չեմ՝ ինչքան ժամանակ են երեխաներս այնտեղ, 10 օր առաջ երեխաս է փող ուզել, լիցքավորել եմ հեռախոսը»,- ասաց Վահագն Սիմոնյանը:

Մեր դիտարկմանը, թե shamshyan.com-ի հետ զրույցում ձեր երեխաները ձեզնից են դժգոհել, ձեր նախկին կինն էլ ձեր ահազանգը պայմանավորել էր չկայացած դերասան լինելով, Վահագն Սիմոնյանն ասաց. «Այդ ստերին հավատո՞ւմ եք, կնիկն ո՞վ է, նրան յոթ տարի չեմ տեսել»:

Արտյոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վահագն Սիմոնյանի բոլոր ասածները սուտ են ու մտացածին. «Եկեք երեխաներին տեսեք, չորս տարի այստեղ ապրում են ուրախ ու երջանիկ»:

Վահագն Սիմոնյանի նախկին կինն արդեն չորս տարի է «Ջամբոյի» սեփականատիրոջ կինն է:

Արփինե Սիմոնյան

aravot.am