ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կասկածյալը ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 01:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի և աջ թիակի կտրած-ծակած թափանցող վերք»ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյատղամարդը դանակահարվել է Վանաձորի «Երկաթուղայինների այգի» զբոսայգու տարածքում՝մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Քրեական գործով Լոռու մարզի 35-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող։
Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 26-ամյա բնակիչ։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: