Apple ամերիկյան կորպորացիայի iPhone 7 մակնիշի սմարթֆոնը 2017 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է գլխավորել ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակը. այս սարքի համաշխարհային մատակարարումների ծավալը կազմել է 16,9 միլիոն հատ: Այդ մասին ասված է Strategy Analytics ընկերության ուսումնասիրության մեջ:
«Ըստ մեր գնահատումների՝ Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 16,9 մլն միավոր, դրանց բաժին է ընկել 2017 թվականի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում շուկայի 5 տոկոսը: iPhone 7-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների մոդելն է մնում օգտատիրոջը հարմար դիզայնի, օժանդակ հավելվածների և մանրածախ լայն ցանցի գրավիչ համադրության շնորհիվ»,-հայտարարել է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յուհա Վինթերը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ մոդելի մատակարարումների ծավալը և շուկայի բաժինը առաջին եռամյակի համեմատությամբ նվազել են. դրանք կազմում էին 21,5 մլն միավոր կամ համաշխարհային շուկայի 6 տոկոսը:
Մեծ էկրանով և ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումներն ապրիլ-հունիս ամիսներին կազմել են 15,1 մլն միավոր, դրանց բաժին է ընկել ամբողջ համաշխարհային շուկայի 4 տոկոսը: «Այսօր Apple-ը ներկայացնում է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների հինգ մոդելներից երկուսը»,-հավելել է Վինթերը: Առաջին եռամսյակում այս մոդելի մատակարարումները կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին է ընկել սմարթֆոնների համաշխարհային շուկայի 5 տոկոսը:
Ամենավաճառվող սմարթֆոնների թվում երրորդ տեղն զբաղեցրել է Samsung հարավկորեական կորպորացիայի առաջատար Galaxy S8-ը: Այս մոդելին բաժին է ընկել երկրորդ եռամսյակում ամբողջ շուկայի 3 տոկոսը, համաշխարհային մատակարարումները կազմել են 10,2 մլն միավոր: Samsung-ի Galaxy S8+ մոդելի մատակարարումների ծավալը հաշվետու եռամսյակում հասել է 9 միլիոն հատի, իսկ համաշխարհային շուկայում բաժինը կազմել է 2 տոկոս:
«Samsung-ի Galaxy S8+ մոդելն ակնթարթորեն դարձավ աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող սմարթֆոնի մոդելը ОС Android-ի բազայի վրա՝ կորացված էկրանով գրավիչ դիզայնի, հավելվածների հարուստ պորտֆելի և տասնյակ երկրներում իր դասի մեջ լավագույն մանրածախ ցանցի շնորհիվ»,-տեղեկագրում մեջբերվում է Strategy Analytics-ի ղեկավար Նիլ Մոուսթոնի խոսքը:
Երկրորդ եռամսյակում ամենավաճառվող սմարթֆոնների թվում հինգերորդ տեղն զբաղեցրել է չինական Xiaomi Redmi 4A-ն՝ մատակարարումների 5,5 մլն հատ ծավալով և շուկայում 2 տոկոս բաժնով: Իսկ ընդամենը երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները, Strategy Analytics-ի տվյալներով, տարեկան արտահայտությամբ ավելացել են 5,53 տոկոսով և հասել 360,4 մլն միավորի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: