Տիգրան Պասկևիչյանի գրառումը. «Օրեր առաջ UCOM-ից շարժական Wi-Fi սարք վերցրեցի՝ վճարելով 4000 դրամ։ Պայմանն էր՝ եթե ծառայության որակը բավարարում է, շարունակում եմ օգտագործել։ Չի բավարարում՝ վերադարձնում եմ ու հետ ստանում վճարված գումարը։ Որոշեցի վերադարձնել։ Բերեցի Տերյանի սպասարկման կետ, որտեղից վերցրել էի։
Աշխատողը տուփը բացեց եւ պարզեց, որ լիցքավորիչը չկա։ Ո՞ւմ հետ չի պատահում. երեւի մոռացել էի։ Եկա, փնտրեցի, փնտրեցի՝ չկար։ Նայեցի կցված գրքույկում։ Նկարներում լիցքավորիչ չկար։ Նորից գնացի UCOM, ասացի՝ խնդրում եմ որեւէ տուփ բացեք, տեսնեմ ի՞նչ տեսք ունի։ Բացեցին։ Համոզվեցի, որ նման բան չեմ տեսել։ Ասացին՝ պարտադիր չէ, որ լիցքավորիչը գրքում նկարված լինի։ Եթե դա կոմպլեկտ է, ինչո՞ւ պարտադիր չէ՝ չհարցրի։ Գնացի նորից փնտրելու՝ չկար ու չկար։
Վերադարձա տուգանք վճարելու պատրաստակամությամբ։ Աշխատակիցն ասաց, թե պետք է վճարել ոչ թե կորսված լիցքավորիչի համար, այլ ամբողջ սարքի (լիովին անվնաս, գրեթե չօգտագործված), որն արժե 35 հազար դրամ։ Վաճառքում լիցքավորիչ չունե՞ք՝ հարցրի. ուզում էի գնել ու տեղը դնել։ Ասաց՝ ոչ։ Ինչո՞ւ պահեստամասը չեք վաճառում, պատասխան չեղավ։ (Սա կողոպուտը կազմակերպելու կարեւոր հնարքներից է։)
Ես համոզված էի, որ լիցքավորիչը տուփի մեջ չի եղել, բայց չէի պնդում եւ պատրաստ էի վճարել դրա գինը։ Չուզեցին։ Հիմա վստահ եմ, որ կապի ծառայություն մատուցող ընկերությունը՝ չբավարարվելով մեծ եկամուտներով, հընթացս զբաղվում է իրավաբանորեն ձեւակերպված կողոպուտով։
Սարքը թողեցի UCOM-ի սպասարկման կետում եւ դուրս եկա՝ հրաժարվելով 4000-ից, որը հաստատ գերազանցում է լիցքավորիչի արժեքը»։