Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսն ընդունվել է ԲՈՒՀ
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսն ընդունվել է ԲՈՒՀ

Շիրակի մարզի դիմորդները 2016-2017 ուսումնական տարում լավ արդյունքներ են արձանագրել: Մարզն ունեցել է 871 դիմորդ, նրանցից 88 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը: Երևանի պետական համալսարան դիմած Շիրակի մարզի դիմորդների 98,3 տոկոսն ընդունվել է: Թեև, ըստ պատասխանատուի, սա լավ ցուցանիշ է, սակայն նաև մտահոգիչ՝ Շիրակի մարզի դիմորդների գերակշռող մասը չի նախընտրում ընդունվել Գյումրու պետական բուհեր և ուսանելու նպատակով մայրաքաղաք է մեկնում:

Արա Իսպիրյանը նաև հավանական է համարում հաջորդ տարվանից բուհական ընդունելության կարգում որոշակի փոփոխությունները. դրանք հիմնականում առաջադրանքների հետ կապված՝ չեն լինի շտեմարանից ամբողջությամբ վերցված առաջադրանքներ, այլ որոշակի փոփոխված: Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է դիմորդների մասնագիտության ընտրության թվաքանակին: Նախորդ և այս տարի դիմորդն իրավունք ուներ հայտագրման գործընթացում ընտրել 8 մասնագիտություն` 2 անվճար և 6 վճարովի տեղեր: Սակայն ընդունելության քննություններից հետո ԳԹԿ-ն դիմորդներից բազմաթիվ դիմումներ է ստացել մասնագիտության փոփոխության խնդրանքով:

Սրանք դեռ նախագծեր են, իսկ վերջնական որոշման դեպքում 2017 թվականի հոկտեմբերին արդեն դիմորդները կիրազեկվեն 2018 թվականի ընդունելության կարգի մասին:

Արմենուհի Մխոյան

armenpress.am