Լվացքի պարանները շարժում են օդը։ Մի երեխա, կարմիր սավանին զուգահեռ, ճոճվում է առաջ, հետո՝ հետ, առաջ, հետ, ձգվում դեպի հարակից շենք, կրունկներով հետ փռվում ֆուտբոլի դաշտի ստվերի վրա։
-Կարմիրից հետո սևերը կախե՞մ, թե՞ սպիտակները․․․Խելք ա թողել մտածելու, անտերը ,- Մարջանը աչքի պոչով հարևանուհու լվացքն է չափչփում,- էս կնիկն էլ բռնել ռոզվի ու սալատըվի ա կախել, ես հիմա ո՞նց հասկանամ՝ որը կախեմ, որ իրար սազի, թե էդ սրբիչնե՞րն ուր ես չորեքշաբթի օրով լվում, աղջի՛,- սևերը կկախի։ Գրքի նման, հա։ Ստենդալը հաստատ էդպես կկախեր։
-Դաժե էս լվացքիս գույների գրքի մեջ, էն տղեն էն աղջկան մոտենալուց աղջկա դաստակն ա պաչում, նա էլ՝ խունջիկլամիշ լինում,- նեղսրտած կիսվում է կատվի հետ,- էս եթիմը մի օր ձեռ չպաչեց, վա՞տ գիրք էի, ճաշը էփեմ,- կախում է ամուսնու շապիկն ու հետևից չանչում,- շորերը լվամ,- շխկոցով թափ է տալիս կրծկալը,- սրանց մեջի էղածով դրա էրեխեքին պահեմ-մեծացնեմ, դա գա ինձ նեղացնի՞։
Ներքնաշորերը մանրիկ քայլերով տեղավորվում են պատուհանի կիպ անկյունում, կարմիր սավանները փքվում ու տարածվում են՝ ծածկելով սպիտակ օձիքավորներին։
-Թող գնա քրոջը նեղացնի, բարեկամներին տեսնում ա՝ քարվան կտրելը թսկում ա։ Էն շան աղջիկը ով ա, էն-էն-էն․․․Մշտո՛, հետ արի, էլ ազիզ չեմ թաղում․․․ Նարա՞, Մարա՞, Դոնարա՞․․․ Վայ, ջհանդամ անունը, նույն զհարն են, թող բա գնա դրանց վրա գոռա, էդ որ իրար հետ տենց անուշ-մեղուշ աշխատում են, ուժն իմ վրա ա՞ պատում,- կատուն փորձում է պատասխանել,- վայ, Մշտո ջան, Մշտո՛ ջա՜ն, էս ոնց ա ցավում, ոնց ա ցավո՜ւմ,- ձեռքով շոշափում է կրծքավանդակը, բայց հոգին չի գտնում, որ բռնի ու կատվին ցույց տա,- ես դրա կորած տապչկեքը գտնեմ, տնից-տեղից խաբար չլինի՝ ամեն ինչ կարգավորեմ, ես իմ մորը իր համար խաբեմ, դա ինձ ֆռա-ասի՝ ռադ էղի՜։ Ինձ, է, ինձ։ Հլա նայի, բա ինձ տենց բան կասե՞ն։ Վայ անտեր, անտե՛ր մնաս։
Լվացքի դատարկ կողովը ներս տանելուց՝ աչքն ընկնում է սրբապատկերին, արդարության համար խաչակնքվում է․ էդ որ ասում եմ «անտեր», Աստված ջան, լուրջ չընդունես, շուն-գել իմ անտերն ա, ականջներդ փակի։
Կարմիր սավանը ճոճում է երեխային հետ ու առաջ, գույների համադրությունն իրեն Ստենդալ չի հիշեցնում․ մի քանի տարուց կկարդա։ Գլուխը տմբտմբացնող կնոջ անունն էլ խառնում է, բայց իր անվան մասին մի տեղ կարդացել էր։ Անունը կամ մատնիք է, կամ մարջան, կամ՝ ապարանջան։