Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում դեղատներում կողոպուտի դեպքերը: Առաջին կողոպուտը տեղի էր ունեցել 2017թ. հունվարի 11-ին, ժամը 19:00-ի սահմաններում: Դեպքի վայրը Երևանի Տպագրիչների փողոցի դեղատներից մեկն էր: Դեղատան դրամարկղում եղել էր 291 հազար դրամ:
Դեղատան ևս մեկ կողոպուտ տեղի էր ունեցել մարտի 3-ին, ուշ երեկոյան: Այս անգամ կողոպտվել էր Թումանյան փողոցի դեղատներից մեկը: Դրամարկղում եղել էր 850 հազար դրամ: Կողոպուտների փաստով քրեական գործեր են հարուցվել: Ոստիկանները քայլեր են ձեռնարկել կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանները զրուցել են տուժողների հետ, արձանագրել են կողոպտիչի արտաքին տեսքի վերաբերյալ նրանց տեղեկությունները: Արդյունքում պարզվել է, որ երկու դեպքում էլ հանցագործությունը նույն անձն է կատարել: Ոստիկանությունը պարզել է նաև կողոպտիչի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող Ալբերտ Լոպուշենսկին էր:
Ոստիկանները իրենց վստահված տարածքում շրջայց կատարելու ընթացքում Քաջազնունի փողոցում նկատել են տղամարդու, ով նման է եղել դեղատներում կողոպուտ իրականացրած անձին: Ոստիկանները մոտեցել են տղամարդուն, պարզել նրա ինքնությունը և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել:
Կասկածյալը իր տված ցուցմունքում խոստովանել է, որ միայնակ մտել է դեղատուն և կողոպուտ կատարել: Նա նշել է, որ երկու դեղատուն է կողոպտել և հափշտակել եղած գումարը: