Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Թումոյի արգում տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2017» 4-րդ միջոցառումը, որի շրջանակում Երևանի 12 վարչական շրջանների թիմերն իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարզական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ:
«Միջոցառման նպատակը սպորտային մշակույթը մայրաքաղաքում քարոզելն ու տարածելն է, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրայնացումը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն Երևանի մարզական կյանքին»,- նշել է Գոռ Վարդանյանը:
«Երևանյան մարզական ամառ 2017» մրցախաղի արդյունքներով արդեն 3-րդ անգամ անընդմեջ լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթի թիմը, երրորդը՝ Նոր-Նորքի թիմը:
Միջոցառման շրջանակում նաև ամփոփվել են «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային մարզական փառատոնի արդյունքները: Թիմային հաշվարկով բակային մարզական փառատոնում առաջին հորիզոնականը գրավել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ արժանանալով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին: Երկրորդ տեղում Աջափնյակը ներկայացնող պատանի մարզիկներն էին, իսկ երրորդ հորիզոնական միավորների քանակով միմյանց միջև կիսել էին Շենգավիթ և Նոր-Նորք վարչական շրջանները:
«Երևանյան մարզական ամառ 2017»-ի շրջանակում կազմակերպվել են նաև տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով: