Ապրիլյան պատերազմից հետո Արցախի բնակիչները վերադառնում են բնականոն կյանքին. Amnesty Press-ի անդրադարձը
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի բնակիչները վերադառնում են բնականոն կյանքին. Amnesty Press-ի անդրադարձը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տպագիր օրգանը՝ Amnesty Press-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Amnesty Press-ի թղթակից Իզաբելա Ռոզենգրինն այցելել է Արցախ՝ հանդիպելով տեղի բնակիչների և Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Ճանապարհը լի է անցքերով, իսկ մի կողմում երեք մետր բարձրությամբ պատ է: Դա արված է մեզ՝ մեքենայում գտնվողներիս կրակոցներից կամ որ առավել վատ է՝ հրթիռակոծությունից պաշտպանելու համար: Ադրբեջանը պատմի մյուս կողմում է»,- գրում է հոդվածի սկզբում պատմում է հեղինակը:

Լրագրողը նշում է, որ թեպետ 1994 թվականին կնքվել է հրադադարի պայմանագիր, սակայն դրանից հետո էլ կրակոցները չեն դադարել, իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը ռմբակոծեց  խիտ բնակեցված Մարտակերտի շրջանը, ինչի հետևանքով գրանցվեցին 1994-ից հետո ամենաարյունալի մարտերը:

«Ես ցնցված էի, չեմ կարող նկարագրել բառերով այն, ինչ զգացի: Կարող եք պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում լքել քո տունը, քո պապերի երկիրը: Հարձակումից հետո ես սկսեցի լաց լինել: Տղամարդուն վայել չէ նման կերպ պահել իրեն, սակայն ես չափազանց վշտացած էի»,- Ռոզենգրինին պատմել է Վիլեմ Պետրոսյանը՝ Թալիշի գյուղապետը: Հենց այդ գյուղն էր, որ ենթարկվեց ադրբեջանական կողմի ռմբակոծմանը 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը:

Amnesty Press-ի թղթակիցը պատմում է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով դատարկված Թալիշում ներկայում աշխատանքներ են իրականացվում տների ու ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:  Նա ընդգծում է, որ թեպետ տեղի բնակիչները մեծ տրավմա են ապրել ապրիլյան դեպքերից հետո, սակայն նրանք այսօր փորձում են վերադառնալ բնականոն կյանքին:

«Պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը ասել է, որ եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը: Ես ասում եմ նույնը Թալիշի համար: Գյուղի նախկին բնակիչներն ամեն օր գալիս են՝ տեսնելու, թե ինչ է եղել իրենց տներին ու դաշտերին: Ես հասկանում եմ, որ հոգեբանական արգելք կա, սակայն կարծում եմ, որ ժամանակը կբուժի բոլոր վերքերը և գրեթե բոլորը հետ կվերադառնան»,- ասել է Թալիշում կառավարության ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանը, ով հետևում է գյուղում իրականացվող աշխատանքներին:

Լրագրողի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ոչ ոք չի ցանկանում պատերազմ և կորուստներ: «Ադրբեջանում հայատյացությունը բացասական ազդեցություն է գործում խաղաղության գործընթացի վրա: Ադրբեջանական կողմը չի ցանկանում ավելացնել սահմանին դիտորդների թիվը, նրանք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ցանկանում են շարունակել պատերազմը: Վերջին ամիսներին նրանք շատ ակտիվ են եղել՝ շիկացնելով մթնոլորտը: Պատերազմը չի սկսվել երեկ ու չի վերջանա վաղը. այստեղի բնակիչները դա շատ լավ են հասկանում»,- ասել է Աբրահամյանը: