Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման «Յանդեքս» դպրոց: Դա «Յանդեքս»-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է: Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կբացեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարը։ Սա կլինի «Յանդեքս»-ի երկրորդ կրթական ծրագիրը Հայաստանում։
Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թվականի հունվարին, հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտ։ Գյումրու դպրոցը կունենա 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումն անվճար է և հայերեն լեզվով։ Որպես դասախոսներ հանդես կգան տեղական մասնագետները, որոնք վերապատրաստում են անցել «Յանդեքս»-ում։ Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։ Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերին և կտևեն 7 ամիս։ Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Այն տարածված և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են, օրինակ, Yandex.Taxi-ն, YouTube-ը, Facebook-ը և Instagram-ը:
«Այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները հերթական անգամ հնարավորություն կունենան անվճար ծրագրավորում սովորել և մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Կարևորում եմ նաև այն, որ մասնագետներն ընտրված են Գյումրիից և հնարավորություն ունեն «Յանդեքս»-ի մասնագետների փորձն օգտագործելով դասավանդել ծրագիրը»,– նշեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես-մենեջեր Ամալյա Եղոյանը: