
Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին օգոստոսի 22-ին տեղի ունեցած վթարից տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր Քութաիսիի հիվանդանոցում, օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու շտապբուժօգնության ծառայությունը։
Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։
Վթարված մեքենայում են եղել նաև երիտասարդ կնոջ ամուսինը և չորսամյա դուստրը։ Ամուսինն ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նրանք Երևան են եկել առանձին մեքենայով։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն հասցրել են կատարել անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ ընտանիքի անդամներն առողջական լուրջ խնդիրներ չունեն։
Մայրն ու աղջիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։