-Կյանքիս մեջ ոչ մի բանի համար փոշմանած չկամ, իմ արև,- իրազեկում ա ինձ Բռոն, քանի դեռ խմբագրության խոհանոցում ծամում եմ,- մենակ մի բանի համար։
-Ինչի՞, Բռո։
-Չսովորելու։ Պըտի նորմալ սովորեի։
-Հա, էդ կարևոր ա, արժի ափսոսալ։
-Կարևոր ա, հա։ Բայց դե ամենակարևորը մարդու համար գիդե՞ս՝ որն ա։
-Ո՞րը։
-Ընտանիքը։ Մարդը պըտի ընտանիք ունենա, ընգերություն-բան, որ իմանա՝ ում համար ա պախատ ըլնում էդքան, ում համար պըտի վիզ դնի ու ձգի, ջոգում ե՞ս։
-Դե․․․Հա։
-Բա սիրած մարդկանցից կարևոր բա՞ն։
Մինչ ես ու Բռոն պատատակային կյանքի փիլիսոփայությունն էինք միասին ուսումնասիրում ու մնջախաղով ուտելիքի կռիվ տալիս՝ կարտոֆիլի կտորները իրար կողմ հրմշտելով, ամառը որոշեց, որ երկու օրից պիտի գնա խոպան։ Դե, որոշելը ո՞րն ա, ադաթ ա, պիտի անի։
-Էսօր բացառիկ տոթ ա, բալես,- խիստ լրջորեն տեղեկացնում ա Գագո ձյաձյան՝ մինչ ես մեքենայի դռան արանքներից հագուստի կտորներրս եմ քաշքշում։
-Տանն էլ էր շոգ։ Լավ դե, վերջին օրն ա։
-Հա, իր ասելիքը պիտի ասի, նոր գնա։ Կարար, չէ՞, հով լիներ։ Բայց ամռան վերջին օրն ա, պիտի դեմքը կարգին ցույց տա։
-Վաղը սեպտեմբերն ա գալիս, Գագո ձյաձյա։
-Բարով գա, եթե ես եմ գնալու այրոպորտից բերեմ, շուտ իմաց կտաք։
Ու հետո գլորվում ես ամռան վերջին օրվա քաղաքի մեջ։ Աղջիկների՝ տոթից ալիքավորված մազերի միջով, տղամարդկանց՝ մի ոտքից մյուսը ծուլորեն հենվելու ու մտազբաղ ծնոտները քորելու արանքներով, քրտնած բարձրահարկերի հարևանությամբ, ծառի հովին պպզած կրպակների կողքով։
Ամռան վերջին օրվա քաղաքում ազդանշանների, զրույցների փշրանքների ու երաժշտության պատառիկների սիմֆոնիան ամենուր ընկերակցում ա։ Տաք ասֆալտը խուտուտ ա տալիս կոշկատակը, ուզում ես հենց էդ պահին մեկը գլխիդ սառցաջուր լցնի, բայց էդպես էլ շպարդ ու մազերդ կփչանան, իսկ մեզ սովորեցրել են, որ, հնարավորության դեպքում, միշտ պետք ա ընտրել գեղեցկությունը, սառցաջուրն էլ ոչինչ, կսպասի տուն հասնես ու լայն հագուստով փռվես անկողնուն։
Վաղը սկսում ա աշունը, ու ամռան վերջին օրվա քաղաքը կդառնա աշնան առաջին օրվա քաղաք։ Քաղաք, որի աշունը օդանավակայանից կբերի Գագո ձյաձյան։ Քաղաք, որտեղ ապրում են Բռոյի ասած սիրելի մարդիկ․ բա իրենցից ավելի կարևոր բա՞ն։