Տեսնելով զինվորական համազգեստ, մտածեցի, որ պետք է պահակ աշխատեմ. զինված խմբի գործով մեղադրյալ
Advertisement 1000 x 90

Տեսնելով զինվորական համազգեստ, մտածեցի, որ պետք է պահակ աշխատեմ. զինված խմբի գործով մեղադրյալ

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  այսօր` սեպտեմբերի 1-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց քրեական գործի անջատված մասով մեղադրյալ Հովհաննես Բալաբանյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ապարին, նրա հետ էլ գնացել է Նորք-Մարաշում գտնվող տունը և ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ:

«Ապարի հետ Սողոմոն Քոչարյանի հուղարկավորության ժամանակ էի ծանոթացել, ինձ հարցրեց` աշխատանք ունեմ, թե չունեմ, ասաց` լավ տղա ես, դուրս եկար, կարամ գործ ճարեմ, աշխատես: Որոշ ժամանակ անցավ, զանգեց, պայմանավորվեցինք հանդիպեցինք: Հետո գնացի Մարաշի տուն, իմ մոտ տպավորություն էր, որ Արթուրն, իր քույրն ու կինն են էդ տանը, ընտանեկան մթնոլորտ էր: Երկու անգամ եմ եղել այդ տանը: Արթուրից աշխատանքի համար եմ հետաքրքրվել, բայց չի ասել, թե ինչ աշխատանք է կոնկրետ: Հետո եկել ինձ ձերբակալել են»,-ասաց նա:

Բալաբանյանը նշեց, որ ինքն Արևաշատ գյուղի բնակիչ է, իրենից հետաքրքրվել են` արդյոք գյուղի վրայով ինքնաթիռներ անցնում են. «Հարցին` ինքնաթիռները ձեր մոտով են անցնում, ես էլ ասացի` այո»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Ըստ նախաքննական ցուցմունքի, երբ նա գնացել է Նորք-Մարաշում գտնվող տուն, Արթուր Վարդանյանն իրեն հարցրել է` ում միջոցով է այդ տուն հասել, ինքն էլ պատասխանել է`Ապարի:

«Այնուհետև ինձ հարցրեց` ծառայել եմ, թե ոչ, արդյոք կարողանում եմ զենք օգտագործել: Նա ինձ ասաց, որ իմ ընտանիքի անդամներից գաղտնի պահեմ մեր միջև եղած խոսակցությունը: Այնուհետև տուն մտավ Ապարը մեկ այլ անձի հետ, այդ ընթացքում 12 անձի եմ նկատել և որոշակի գաղտնիություն եմ նկատել: Հաջորդ օրն ինձ զանգեցին, որպեսզի հանդիպենք: Ավետն եկավ ինձ տնից վերցրեց, հասանք Նորք-Մարաշի տուն, տուն չհասած, ինձ ասացին, որ հեռախոս անջատեմ: Արթուրն ինձ ասաց,որ շտապում է ինքը և եթե ցանկություն ունեմ մնամ իրենց տանը գիշերեմ, ես հրաժարվեցի: Այնուհետև ինձնից հետաքրքրվեց` ինչ չափի հագուստ և կոշիկ եմ կրում: Տեսնելով զինվորական համազգեստ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես պետք է պահակ աշխատեմ»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

news.am