«Մայքրոսոֆթ»-ը կհամագործակցի առողջապահության նախարարության հետ
Advertisement 1000 x 90

«Մայքրոսոֆթ»-ը կհամագործակցի առողջապահության նախարարության հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների և հանրային հատվածի հետ աշխատանքների գլխավոր տնօրեն Կոստաս Լուկասը նշել է, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած ընդունելության ժամանակ քննարկել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կոստաս Լուկասն ընդգծել է, որ «Մայքրոսոֆթ»-ը կարող է իր դերակատարությունը և ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման ծրագրերում, հատկապես` առողջապահության ոլորտում։ Նա հավելել է, որ մեծ փորձառություն ունեն հեռաբժշկության և մեծաքանակ տվյալների վերլուծական մշակման գործում։

Լևոն Ալթունյանը «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` թվային համակարգի հետ առնչող քայլերին։ Նշել է, որ արդեն իսկ գործող էլեկտրոնային առողջապահության համակարգը տեխնիկապես ամբողջությամբ կներդրվի մինչև 2018թ. ավարտը։ Նախարարը ներկայացրել է իրականացվող ևս մի շարք ծրագրեր, որոնք համակարգված կառավարում են պահանջում։

«Մայքրոսոֆթ»-ի պետական հատվածի աշխատանքների ղեկավար Եվոնգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը կարող է մեծ ներդրում ունենալ իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։

Նախարար Ալթունյանն առաջարկել է ծրագրերը համակարգողների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկում` համագործակցության եզրերը հստակեցնելու համար։