Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար ուսումնական տարին մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 31-ին: Դպրոցում իսկական տոն էր՝ առաջին զանգը հուզիչ էր առաջին դասարանցիների և կրկնակի անգամ նրանց ծնողների համար: 2017թ-ի ուսումնական տարին այսուհետ հիշարժան կլինի Ռուբեն Ջաղինյանի, Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի, Գագա Ամատունու և ջութակահարուհի Սոնա Ազարյանի ընտանիքներում, որոնց երեխաները կուսանեն վերոնշյալ դպրոցում:
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ ուրախ լինելու միանգամից երեք պատճառ ուներ.
«Երեկ ինձ պատիվ ընձեռվեց Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը ընթերցելու, ինչի համար շատ ուրախ եմ: Նաև մեծ երջանկություն էր որդուս՝ Հայկ Ամատունուն, առաջին աշակերտական աթոռին տեսնելը, և եռակի հուզիչ էր, որ նույն դպրոցի 9-րդ դասարանում սովորող աղջիկս եղբորը դիմավորեց դպրոցում: Հավատացնում եմ, որ որպես հայր՝ անբացատրելի զգացմունքներ ունեցա, շատ հուզիչ պահեր էին, որոնք հաստատ դեռ երկար չենք մոռանա»,- նշեց Գագա Ամատունին:
Խոսելով որդու մասին՝ մայրաքաղաքի գլխավոր դիզայները ժպիտով նկատեց.
«Երկար ժամանակ էինք որդուս նախապատրաստում, սովորեցնում էինք ուսուցչի հետ ճիշտ շփման կանոնները և ուսուցչի դերը նրա կյանքում, փորձել ենք նրա մեջ զարգացնել գիտակցությունը, որ սովորելը կարևոր անհրաժեշտություն է: Պետք է խոստովանեմ, որ տղաս, լինելով այդքան փոքր, բավականին պատրաստված է գնում դպրոց, երեկ էլ, երբ տոնական արարողությունից հետո նրան հարցուփորձ արեցի, զգացի, որ խորթություն չի զգացել: Միակ բանն այն էր, որ ամիսներ առաջ ինձ շատ լուրջ հարցրեց՝ «Պապ, իսկ դպրոցում կարո՞ղ ենք քնել», հիմա մտածում եմ նրա այդ հարցի մասին, տեսնենք, թե ինչպես կարձագանքի դպրոցի կարգուկանոնին»:
Ի դեպ՝ Գագա Ամատունու խոսքով, վերջին ամիսների ընթացքում ինքն ու կինը փորձել են հասկանալ որդու ընդունակությունները, հոգեհարազատ առարկաները և ուժեղ կողմերը զարգացնել: Արդյունքում Հայկ Ամատունին արդեն կարողանում է մաթեմատիկական հաշվարկներ անել, քանի որ շատ է սիրում այդ առարկան:
«Տղայիս համար մաթեմատիկական հաշվարկները խաղի է վերածվել: Նրան շատ ավելի հաճելի է դրանով զբաղվել, քան հեռախոսով ժամեր անցկացնել, ինչը նոր սերնդի երեխաների թուլությունն է: Մենք էլ փորձում ենք մեր տղային հասկացնել, որ հենց իր սիրելի մաթեմատիկան ու այլ առարկաներ է սովորելու դպրոցում և դրանով դրականորեն տրամադրել դպրոցի նկատմամբ»,- հավելեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am