ԿԳ նախարարը աչքը բուժելու փոխարեն հոնքն է հանում. Իզաբելլա Աբգարյան
Advertisement 1000 x 90

ԿԳ նախարարը աչքը բուժելու փոխարեն հոնքն է հանում. Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

Նախօրեին «Երկրի հարցը» հաղորդման եթերում Լևոն Մկրտչյանը բացահայտեց օպտիմալացման իր տրամաբանությունը, մասնավորապես, ըստ նախարարի, պետք է կրճատել այն մանկավարժներին, որոնք քիչ ժամաքանակ են ունեցել։ Այսինքն, մանկավարժին դիտում է որպես հաստոց ու կարևորում, թե ժամում ինչ ծավալի արտադրանք է տալիս։

Որպես անձնական վիրավորանք ու վերքիս վրա աղ լցնել ընդունեցի նախարարի այն արտահայտությունը, թե քիչ ժամաքանակով աշխատում են «տնից դուրս գալու, ռեպետիտորություն անելու համար»։

Փորձեմ բացել այս տրամաբանության չարաբաստիկությունը։

1) Այս տրամաբանությամբ նախարարը ծածկադմփոց է անում ամենացավալի ու կրթության որակի վրա բացասաբար ազդող երևույթը՝ ԺԱՄԱԲԱՇԽՄԱՆ գործող կամայական գործընթացը։

Ո՞վ և ի՞նչ սկզբունքով է որոշում, թե տվյալ մանկավարժը քանի դասաժամ պիտի ունենա և որ մակարդակի դասարան/լսարան մտնի։ Թե դպրոցում, թե բուհերում որոշում են մեկ֊երկու հոգի։ Որոշման հիմքում էլ երբեք չի դրվում դասարան/լսարանի շահը, նրանց կարիքը, այլ դրվում են ժամերի բաշխողի անձնական վերաբերմունքը դասավանդողին, մանկավարժի յուրային լինելը, “մեջք ունենալը”։
Այստեղ է տիրում նաև կոռուպցիան և հովանավորչությունը, որը նախարարը, փաստորեն, անտեսում է կամ փորձում ծածկադմփոց անել։

2) Կրթության ոլորտի ղեկավարը նույնիսկ փորձ չի անում պարզել, թե ովքե՞ր են քիչ ծանրաբեռնվածությամբ դասավանդողները, այլ ստորագրում է «Գլխատել» հրամանը։

Ծանոթացնեմ։

Ա) Մասնագիտական գործունեությունը նոր սկսող երիտասարդ կադրերը, ում քիչ ժամեր են տրամադրվում, որովհետև նրանք դեռ “փորձաշրջանում են” կամ աշխատում են ատենախոսական աշխատության վրա։

Օրինակ, 2000թ.ին, երբ նոր էի սկսել դասավանդել, ունեի կես դրույք և աշխատանում էի բառարան կազմելու վրա, որը հետագայում սեփական միջոցներով հրատարակեցի և որից օգտվում են բազմաթիվ ուսանողներ ու մի դրույքով աշխատող դասախոսներ։

Բ) Քիչ ժամաքանակով դասավանդում են այն դասախոսները, որոնք աշխատում են այն մասնագիտությամբ, որը դասավանդում են։ Նրանք բուհն ավարտելուց հետո անմիջապես չեն մնում բուհում չեն սահմանափակվում դասագրքալսարանային աշխարհով, այլ ամենօրյա աշխատանքով գործնականորեն բացահայտում են տվյալ մասնագիտության նրբությունները, ստորջրյա քարերը, բաներ, որ բուհը ժամանակին նրանց չի տվել։ Ու գործնականում ժամանակին բախվելով այն տխուր իրողությանը, որ բուհը իրենց գործիք չի տվել, փորձում են այդ գործիքը տալ ուսանողներին։

Ցանկացած բուհի շրջանավարտ ձեզ կասի, որ հենց այդ մարդկանց դասերն էին հետաքրքիր ու օգտակար։

Գ) Թեթև ծանրաբեռնվածությամբ աշխատում են անչափահաս երեխաների ՄԱՅՐԵՐԸ։ Որովհետև պետական դպրոցները չեն ապահովում աշխատող ծնողի համար երեխայի պատշաճ երկարօրյա խնամք, իսկ մասնավոր դպրոցները ու դայակները ոչ բոլորին են հասու։
Ի՞նչ անեն երիտասարդ կանայք։ Չմայրանա՞ն։ Թե թողնեն երեխաներին փողոցներում, դպրոցի բակերում ։ Ինչ է, մանկավարժությամբ պիտի զբաղվեն միայն չամուսնացածնե՞րը։ Երիտասարդ մայրերը խա՞չ քաշեն իրենց մասնագիտության վրա։

Հետգրության փոխարեն

Ես հասկանում եմ, որ կրթության բովանդակային փոփոխությունների համար պետք են մեծ ջանքեր, գիտելիքներ և փտած, նեխած բուրգը փլուզելու համարձակություն ու նոր ամրոց կառուցելու կամք։

Եթե դրանք չկան, գոնե մի անվանեք «բարեփոխում» այն գործընթացը, որին մեկնարկ եք տվել։



Նման նյութեր