SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող՝ ուղղված հարազատներին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ ինքնասպանություն գործած կինը եղել էր բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական էր և երկար տարիներ դասավանդել էր Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։
Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել էր «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չէր կատարել վարկային պարտավորությունները:
«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն էր գործել Երևանի բնակիչներ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։
Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ այդ պահին տեղի ունեցած ինքնասպանության փաստով ձեռնպահ է մնում որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ ինքն այդ մասին տեղեկացել էր SHAMSHYAN.com-ից և ոչինչ չէր կարող ասել դրա վերաբերյալ՝ խոստանալով դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել հետագայում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: