Մայիսի 29-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես սրտաբան փորձագետ-բժիշկ ընդգրկված կնոջը։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ զորակոչի ընթացքում 1997թ. ծնված զորակոչիկի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ հայտնաբերված ախտորոշման պայմաններում, պարտավոր լինելով նրան ուղարկել հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ, վերջինիս չի ուղեգրել ու չի ուղարկել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար, հիմնվել է սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, հաշվի չառնելով առողջական վիճակի նման պայմաններում, զինվորական ծառայության կրման առանձնահատկությունները՝ ֆիզիկական և նյարդահոգեկան ծանրաբեռնվածության առումով նպաստելը հիվանդության խորացմանը, հիվանդության բացասական զարգացմանը և հիվանդության սրացմանը՝ ընդհուպ՝ մահվան ելքի առաջացմանը, ի պաշտոնե և իր լիազորությունների սահմաններում տվել է եզրակացություն, որ նա պիտանի է զինվորական ծառայությանը, դրանով իսկ ցուցաբերել անբարեխիղճ վերաբերմունք և ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է զինծառայողի մահը։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Լուսանկարը՝ civilnet.am