Reuters գործակալությունը, վկայակոչելով Ազգային ազատագրական բանակի (ELN) պարտիզանների հրամանատարին, հայտնում է, որ Կոլումբիացի պարտիզանները սպանել են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին, ում նրանք առեւանգել էին անցյալ տարվա նոյեմբերին:
Հիշեցնենք, որ Արսենը եկել էր Կոլումբիա դեռ աշնանը և միանգամից ուղևորվել ջունգլիներ, որտեղ շատ են թունավոր օձերն ու վտանգավոր գիշատիչները։ Այնտեղ գրեթե չկան ճանապարհներ, շատ են սակավաբնակ վայրերը, որտեղ արդեն 50 տարի է` գործում են ապստամբական բանակի մարտիկները։ Ռուսաստանի հյուպատոսությունում զարմանում են` նշելով` արդյո՞ք տղամարդը գիտակցում էր, որ իր ճամփորդությունը չափազանց ռիսկային է:
Ջունգլիներում Ոսկանյանը զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնք պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Եվրոպա։ Սակայն արդյունքում հայտնվում է ծուղակում։ Պարտիզանական ջոկատի մարտիկները նրան գերի են վերցնում։ Դիվանագետներն ու Կարմիր Խաչի առաքելությունը շուրջ կես տարի պայմանավորվում էին պատանդի ազատ արձակման հարցի շուրջ, սակայն վերջին պահին ամեն ինչ ձախողվում է։
Ապրիլին ապստամբները պատրաստվում էին պատանդին հանձնել իշխանություններին, այդ մասին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն պատանդը հարձակվել է ապստամբների վրա, վիրավորել հինգ մարդու և դիմել փախուստի:
Հրամանատարը պնդում է, որ նրան գնդակահարել են, բայց ոչ մի ապացույց չի ներկայացրել:
«Պայթեցրեց նռնակը, մեր հինգ տղաների վիրավորեց ու փորձեց փախնել՝ գնդակահարեցինք», —ասել է պարտիզանների հրամանատարը:
Նրա խոսքով՝ Ոսկանյանի մարմինը հանձնելու հարցը բանակցությունների թեմա է: