Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն անբավարար է, ինչը առաջ է բերել թթվածնի պակաս, այս հանգամանքն էլ ձկների՝ ջրի մակերևույթ բարձրանալու պատճառ է հանդիսացել: Այս մասին ասաց Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
«Ըստ համացանցում տարածված տեսագրության՝ Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն անբավարար է, ինչը, ըստ էության, առաջ է բերել թթվածնի պակաս: Թթվածնի քաղցի պատճառով ձկները բարձրացել են ջրի մակերևույթ: Քանի որ ջրամբարը գտնվում է սահմանային գոտում, նախարարությունը աշխատանքներ է տանում թույլտվություն ստանալու սահմանապահ ծառայությունից ջրի նմուշառում իրանակացնելու համար՝ պարզելու, թե ջրի պակասի՞ց է, արդյոք, ձկների նման վարքը, թե այլ պատճառներ կան»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` Ախուրյանի ջրամբարից ջրի բացթողնման հարցերը կարգավորում է դեռ խորհրդային տարիներից ձևավորված միջպետական աշխատանքային հանձնաժողովը, որը համակարգում է Հայաստանի և Թուրքիայի՝ Ախուրյանի ջրամբարից ջրի օգտագործման համատեղ միջոցառումները:
«Ցավոք, այդ հանձնաժողովում բնապահպանության նախարարությունը ներկայացուցիչ չունի»,- նշեց Վարդանյանը: