ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված 1991 թվականին, վերջինիս՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Քննության տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթների հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ծխախոտ գնելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որը շարունակվել է նաև ավտոմեքենայի մեջ։ Արդյունքում՝ 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել. սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ տուժողը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Պարզվել է, որ երիտասարդին հարվածներ են հասցրել երեք հոգի, տվյալներ ձեռք բերվել նրանց ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: