Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել: Իսկ իրավապահ մարմինները շարունակում են կոծկել իրականությունը: Իրավապահներին զուգահեռ Արամ Սիմոնյանը սեփական հետաքննությունն է տանում, ուսումնասիրում եղբոր թողած ձայնագրությունները, ֆայլերը, զրուցում նրա ընկերների հետ:
Արամ Սիմոնյանին զարմացնում է՝ ինչպես է նախաքննական մարմինը փորձում կոծկել եղբոր սպանության հանգամանքները, մասնավորապես, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես է դիակը դուրս բերվել տանից և տեղափոխվել: «Իմ կարծիքով՝ Նորիկն ու Ռուզանը Մանուկի դիակը տանից դուրս չեն բերել, այլ նետել են երկրորդ հարկի պատուհանից: Որովհետև երբ ես եղա տանը, երկրորդ հարկի պատուհանի ցանցը վնասված էր:
Ըստ երևույթին չէին կարողացել հանել, որ դիակը գցեին, հրել էին ու վնասել, ահավոր դուրս հրված է ցանցը: Իսկ պատուհանից էին գցել, որպեսզի մարդ չտեսնի: Եթե իջեցնեին ներքև, ապա պետք է դիակը փողոցի կողմով պտտեին և բերեին նույն տեղը: Փոխարենը պատուհանից գցել են, հենց այնտեղ էլ շորերը փոխել է Ռուզանը, հետքերը թաքցրել են, արյունոտ շորերը տարել և թաքցրել է հարևան ավտոտնակում: Այդ շորերը դեպքից հետո ես եմ գտել, բերել տուն և զանգահարել իրավապահներին, որ գան տանեն: Մնացած հետքերը փորձել են թաքցնել նկուղում: Ամբողջ նկուղից այրած շորի հոտ է գալիս»,-«Առաջին լրատվական»-ին պատմեց Սիմոնյանը:
Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին նախօրեին պատմել էր, որ եղբոր սպանությանը նախորդել էր ընտանեկան վեճ, որը եղել էր որդու ընտրյալի պատճառով: Մանուկ Սիմոնյանը համաձայն չի եղել որդու ընտրության հետ և ասել է, որ այդ աղջկա՝ Ալիսայի ոտքն իր տուն չի մտնի, կամ կմտնի միայն իր դիակի վրայով: Լուրջ վեճ է եղել: Եղբայրն անգամ իր բարեկամներից մեկի մոտ խոստովանել է, որ Նորիկին շատ ուժեղ նեղացրել է և պետք է կանչի, սիրտը շահի: «Մանուկը մի քիչ բարդ, ծանր բնավորություն ուներ: Այդ վեճը եղել էր»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ամբողջությամբ՝ 1in.am