«Ես չեմ ասում` ինքը սթափ էր դեպքի օրը, բայց ինքը սթափ չէր, որովհետեւ չէր գիտակցում` ինչ էր անում: Հոգեպես խանգարվել էր, սա է իմ բացատրությունը»,- Aravot.am-ին ասաց օրեր առաջ Էրեբունու խաղատներից մեկում պատանդ վերցված Մ. Թ-ն:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրեն պատանդ վերցրած ու ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Գոռ Հակոբյանի կյանքում «չար նպատակներով էր հայտնվել», որ ինքը քաղաքի գիշերային ակումբներից մեկում պարուհի է, տարիներ առաջ էլ դատվել է թմրամոլության համար, մեր զրուցակիցը արձագանքեց.
«Ես անալիզներ եմ հանձնել ոստիկաններին, կարող եմ ապացուցել, որ ամբողջը սուտ են գրել: 4 տարի առաջ, այո՛, դեպք եղել է իմ կյանքում, սխալ տղամարդու հետ եմ շփվել, որը օգտագործել է դրանից ու ինձ է տվել ի պահ, պահեմ, հետո իրեն տամ, դրա համար ձերբակալել են, բայց հետաքննությունը պարզել է, որ իմը չէ, ու ես չեմ օգտագործում, ու ինձ պայմանական ազատազրկման են ենթարկել: Դա եղել է չորս տարի առաջ, դրանից հետո ես ընկեր եմ ունեցել, երեխա եմ ունեցել, ապրել եմ իմ կյանքով, թմրամիջոցների հետ կապ չեմ ունեցել, ու Գոռն էլ կապ չի ունեցել:
Երկու ամիս եմ իրեն ճանաչել, չեմ կարող բնութագիրը տալ, բայց դեպքի օրը ինքը շեղվել էր, որովհետեւ չէր գիտակցում` ինչ էր անում, ինքը այդպիսին չի եղել, չեմ կարող բացատրել` ինչու էր չարացել: Ես երբեք չեմ տեսել` թմրամիջոց օգտագործի, չեմ էլ լսել` ինքը կապված է թմրադեղերի հետ: Ինքը համալսարան էր ուզում ընդունվել, ինքը այդ մարդը չէր»:
Հարցին` ինչու էր պահանջում հինգ քաղաքացու, փաստաբանի, ինչ ասելիք ուներ, Մ. Թ-ն դժվարացավ պատասխանել.
«Չգիտեմ, որովհետեւ մինչեւ այդ նա ընդամենը շշեր էր դուրս գցում, մարդկանց մեքենաների վրա, այդ ժամանակ ոստիկանի մեքենա էր անցնում, կպավ ոստիկանի մեքենային, երբ ոստիկանները մոտեցան, ինքը ինձ բռնեց, չէի հասկանում` ինչ էր հետը կատարվում: Ինքն այդ մարդը չի եղել: Շշեր նետելու ժամանակ, բարի մոտ նստած եմ եղել, չգիտեմ` դանակը որտեղից վերցրեց, իր ձեռքին դանակ չկար»: