«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հ/կ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի.
«Մենք հարցումներ են սկսել անել վարորդների շրջանում, բոլորն ասում են՝ քշող չկա, բոլորը բոլորին անիծում են, գոռում են, բոլորը դժգոհում են վարորդների որակից։ Ես նոր ՃՈ-ից խնդրում էի զոհերի քանակը, չեմ կարողացել ստանալ, ասում են՝ տարվա վերջում կհրապարակենք։ Ես վստահ եմ, որ մեր տվյալները Ոստիկանության կողմից նվազեցվում են։ Այս տարի ավելի հակված եմ ասել, որ մենք վթարների տեղով աշխարհում առաջին տեղում ենք գտնվում։ Մենք երթևեկել չգիտե՞նք»։
Ըստ նրա՝ այս վիճակը սկսվել է 2012 թվականից, իսկ պատճառները երկուսն են. «Առաջին, երբ տեսախցիկների ներդրումը պարզապես ծառայեց վարորդներին տուգանելուն, թեև դրանք շատ կարևոր բաներ են։ Այդ պայքարը, այդ հոգևոր տառապանքը, որը ես բիզնես-ցեղասպանություն եմ անվանում, ազդել է ժողովրդի վրա։ Ես մի 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով։ Դա ատելություն սերմանեց պետություն-հասարակություն-վարորդ հարաբերություններում»։
Երկրորդ պատճառը, ըստ նրա՝ վարորդական վկայականներն են, որոնց 80 տոկոսն ուղղակի վաճառվում է. «Աճուրդի պես տարածված են վարորդական իրավունքի գները՝ 90-150 հազար դրամ։ Ապշում եմ, որ ասում եմ՝ հարգելի քաղաքացիներ, կաշառք տվողն էլ է հանցագործ, բայց նրանք ասում են՝ մաղարիչ են անում, կաշառք չէ»։
Նրա խոսքով՝ տեխզննումների արատավոր համակարգը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներդրումն էր. «Բանկի աշխատակցուհուն գումար ենք տալիս, ասում ենք ՝ մեր մեքենան զննում արա։ Այդ աղջիկն ի՞նչ կապ ունի զննման հետ։ Կաշառքն օրինականացրել են, մարդիկ ասում են՝ փող ենք տալիս, հերթ չենք կանգնում, ուրիշ տեղ ենք անում զննումը։ Դա պետական մասշտաբով է։ Լուսահոգի Էդուարդ Հովհաննիսյանը դրա մասին անընդհատ խոսում էր»։
Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների խնդրին, ապա Հովհաննիսյանը վստահ է, որ աջ ղեկով մեքենաների վթարները մոտ 20 տոկոս են կազմում, և պետությունն արդեն ուշացել է այդ հարցում. «Ավտոպարկի 10 տոկոսն աջ ղեկով մեքենաներն են։ Մեր հերոս աղջիկները վարորդական վկայականներ են ձեռք բերում ու նստում աջ ղեկին։ Վերջին մեկ ամսում քննարկվում է այդ խնդիրը։ Հիմա հարց է՝ մենք կարո՞ղ ենք ունենալ այնպիսի կազմակերպություններ, որոնք կփոխեն աջ ղեկը ձախով, և արդյո՞ք դա հնարավոր է։ Սա քննարկումների խնդիր է, հետո՝ մարդիկ բիզնեսի մեջ են մտել։ Հիմա ով ինչքան կարողանում է, Ճապոնիայից մեքենա է ներկրում»
Հովհաննիսյանը խոսեց նաև երթուղայինների վարորդների մասին. «Գազելի վարորդները պլանով աշխատող քաղաքացիներ են, նրան ոնց ուզում ես ուղղի՝ իր ուշք ու միտքը գծատիրոջը պլանը հասցնելն է։ Մինչև աշխատավարձ չունենա, նա այդպես էլ անկարգ մնալու է։ Գծատեր հասկացողությունը մինչև չմեռնի, այս վիճակը չի վերանալու, վարորդն այդպես կիլլեր էլ մնալու է»։
Հարցին՝ թե ինչ կարծիք ունի Ոստիկանության հրապարակած տեսանյութի մասին, որտեղ ասմունքող Լիանա Զուրաբյանը շահարկում է այն փաստը, որ ինքն ազգի պոեզիան է լուսաբանում, և իրենից չպետք է փաստաթղթեր պահանջեն, նա ասաց, որ տեսանյութը չի տեսել, քանի որ Վրաստանում է եղել։ Երբ լրագրողները ներկայացրին, թե ինչ է եղել, նա հետևյալն ասաց.
«Ես չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններն ինչու չեն զիջել։ Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է։ Տեսուչները մեղավոր չեն։ Նույն վարորդի վրա ոնց է պլան դրված, այդպես էլ տեսուչների վրա է դրված»։
Ռազմիկ Մարտիրոսյան