Երևի թե բոլորն են նկատել, որ այս տարի տուրիստների քանակը Հայաստանում շատ-շատ էր: Կարծում եմ, որ տուրիստական նման հոսքի հիմնական «մեղավորները» երեք անհատներ էին՝ Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյանը: Կարծում եմ նաև, որ հայերի միմյանց աջակցությունը (Հռոմի պապն, իհարկե հայ չէ, բայց նրա այցի կազմակերպիչները գիտակցում էին, թե ինչ դրական հետևանքներ կարող է թողնել այդ այցը), կարող է աննախադեպ էֆեկտներ տալ ինչպես դրսում ապրող հայերին, այնպես էլ հայաստանցիներին:
Ընդ որում՝ թե տնտեսական ու ֆինանսական, թե մշակութային և թե քաղաքական առումով: Այդ իմաստով առանձնակի կուզենայի նշել «Քամեդի քլաբի» տղաներին, ովքեր առիթը բաց չեն թողնում շեշտել իրենց հայ լինելը և տարբեր հայերի հրավիրում են իրենց ակումբ: Հաճելի կլինի տեսնել նման համագործակցություն բոլոր այն ընկերությունների միջև, որոնք ունեն հայկական «արմատներ»:
«Քամեդի քլաբ», «Picsart»,«Kerbedanz», «MetLife», «American International Airports», «MARS Holding», «ALCATEL», «Franck Muller», «Росгосстрах», «Магни́т» ու էլի շատ ու շատ աշխարհահռչակ ընկերություններ փաստացի հայերինն են: Չհաշված անվանի անհատներին: Հավատացեք, որ նրանց համագործակցությունից կշահեն և իրենք և Հայաստանը: Իսկ դուք ասում եք «Արի տուն», «Պետք չէ տուն գալ», պետք է իրար հետ համագործակցել՝ ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում: