Ալեքսանդր Շիրվանզադե. «Ջհուդի ականջը»
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Շիրվանզադե. «Ջհուդի ականջը»

(հատվածներ)

Օ՜օ, պարոն, ինչո՞ւ կեղծել, այսպես է հրեան: Նա վաճառականության մեջ երբեմն Դավիթ է, որ կռվում է Գողիաթի հետ. թեև միշտ էլ հաղթող չի լինում, բայց կռվում է: Դա նրա ախտն է պապերից ժառանգած: Որքան շատ են տանջվում ծնողները, այնքան պիտի խելոքանան զավակները: Հենց այս է պատճառը, որ հրեան ծեր է և խոհեմ օրորոցից սկսած:

Կաշառելը, պարոն, հրեաների քաղաքացիական պարտականություններից մեկն է: Բայց քաղաքական գործերում մենք զգույշ ենք…

– Ասա, ինչի՞ց եք ստեղծված դուք, ջհուդներդ: Ասա,ինչի՞ց: Մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները: Ասա, ինչի՞ց են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը: Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչո՞ւ դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում: Ինչու՞ կիսիս չափ չկաս, տասն իմ չափ եռանդ ունիս: Ինչու՞ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով: Ինչու՞ դու կարողանում էիր առավոտներն ինձանից վաղ զարթնել, գիշերները ինձանից ավելի ուշ քնել: Ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո, որ ապրանքն է թանկանալու, որն է էժանանալու: Ինչու՞ դու բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի: Ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում: Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այդպես լավ են լսում հեռվից: Ասա, Այզելման, ինչու՞ դուք հրեաներդ անհաղթելի եք: Ինչու՞ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում: Ասա, պատասխանիր, ես չեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ….

– Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեա՞ն:

– Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով: Հող է այդ նյութը և հող պիտի դառնա, թե ձեր ավետարանով և թե մեր թալմուդով: Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել,այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ: Հազար ինը հարյուր տարի է, դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում: Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը: Հարցնում եք, ինչու՞ ենք մենք ձեզանից շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում: Ինչու՞, որովհետև առավոտները ձեր կոզակների ձիերի տրոփյունն է մեզ զարթնեցնում, իսկ գիշերները ոստիկանների շվոցներն է խափանում մեր քունը: Մենք այդ տրոփյունն ու այդ շվոցները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է: Ոչ. Այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել, բնավ չքնել, որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները, իսկ մեր գլխին հավիտյան կախված է բռնության սուրը: Մենք վազում ենք-ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք: Իսկ հալածվողների ոտքերը փետուրից են: Ախ, կար ժամանակ, երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և ամբարտավան: Անցավ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով քրիստոսի աշակերտներ: Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը: Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել… Ռուսիան: Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչու՞ մենք հաջող ենք վաճառականության մեջ: Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքանն էլ չունենայինք: Չէ՞ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է: Միակ միջոցը գոյության: Ա՞յն էլ ուզում եք խլել: Խլեցեք, մենք ուրիշը կգտնենք: Որքան հաջող են գնում հրեայի գործերը, այնքան նա քիչ է քնում: Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք: Շատ պարզ է: Մենք ուզում էինք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք: Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն ունեիք այն: Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհ- ահա ձեր դժբախտության հիմքը: Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր ամբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք: Հրեաները երազում էլ վտանգ են տեսնում…

scannews.am