Ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարի գլուխն են ջարդել. նոր մանրամասներ՝ ռուս ծառայակիցների ծեծկռտուքից. aravot.am
Advertisement 1000 x 90

Ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարի գլուխն են ջարդել. նոր մանրամասներ՝ ռուս ծառայակիցների ծեծկռտուքից. aravot.am

Երեկ Գյումրու «Մուշ» թաղամասում՝ Հալաբյան փողոց թիվ 3 շենքի բակում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայակիցներ՝ ջոկի հրամանատարներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև:

Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցել են, որ ծեծկռտուքը նկատել ու կանխել են տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները՝ «Մուշ» բաժնի պարեկապահակային դասակի ծառայողները: Ոստիկանների մոտենալու ժամանակ 3-ը դիմել են փախուստի, մեկին՝ 26-ամյա Յուրի Նիկոլաևին հայտնաբերել են գետնին ընկած: Ըստ տեղեկությունների, վերջիններս եղել են հարբած վիճակում: Յուրի Նիկոլաևին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով:

Ի դեպ, հիվանդանոցից ևս փաստեցին, որ նա եղել է խմած: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինիս հիվանդանոց են տեղափոխել փակ գանգուղեղային վնասվածքով, մաղոսկրի կոտրվածքով (գանգի հիմ, առաջնային գանգափոս), գլխուղեղի սալջարդով, թեթև աստիճանի աջ վերին կոպի սալջարդով, արյան զեղումով: Դեպքի մասնակից ջոկի հրամանատարները ոստիկանությունում բացատրություն են տվել: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկում ռազմաբազայի ջոկի հրամանատարները նստել, միասին կերուխումի են մասնակցել, հետո որոշել են շարունակել կերուխումը մեկ այլ վայրում:

Դուրս գալով շենքի բակ՝ սկսել են տարբերակներ քննարկել՝ ուր գնալ, ամեն մեկը մի տեղ է ուզել, վերջիններիս միջև անհամաձայնություն է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Նրանից մեկը՝ Գիզատուալևը խփել է Յուրի Նիկոլաևին: Նրան գետնի վրա հայտնաբերած ոստիկանները տեսել են, որ արյունահոսում է, շտապօգնություն են կանչել՝ նրան տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն: Ի դեպ, Նուրսուլթան Գիզատուալևը իր ցուցմունքում նշել է, որ ընդամենը խփել է Յուրի Նիկոլաևի աչքին, մինչդեռ, ըստ բժիշկների, գլխի լուրջ վնասվածքներ է ստացել:

Ընթանում է հետաքննություն՝ պարզելու, թե մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողը վա՞յր է ընկել, թե՞ գլուխը ջարդվել է ծեծի ենթարկվելուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

aravot.am