«Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ:
Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
«Այն, որ 750 հոգի ժամանակ է տրամադրել և պատրաստել ու ներկայացրել հումանիտար ոլորտում գործող 509 անհատների, շատ հուզիչ է և ոգեշնչող: Դա վերահաստատում է մեր հավատն առ այն, որ իսկապես մեծարման են արժանի այն բացառիկ անհատների ուժն ու ոգին, որոնք մեր անունից, երբեմն մեր փոխարեն իրենց գործողություններով վերահաստատում և պաշտպանում են մեր ընդհանուր մարդկայնությունը: «Ավրորա» մրցանակը երախտագիտությունը գործով արտահայտելու ուղի է՝ շնորհակալություն հայտնելով այն անձնազոհ հերոսներին, որոնք այլոց ապրելու հնարավորություն են տալիս: Մենք նպատակ ունենք «Ավրորայի» միջոցով ճանաչման արժանացնել մերօրյա հերոսներին»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները և կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն: Ընտրված թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացվի Ընտրող հանձնաժողովին, որը գլխավորում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
«Համաշխարհային հրատապ հումանիտար ճգնաժամերի ժամանակաշրջանում կարևոր է, որ մենք հնարավորություն ունենք ճանաչելու և շնորհակալություն հայտնելու այն անհատներին, որոնք բարի գործեր են անում՝ հենց բարիք գործելու մտադրությամբ: «Ավրորայի» ամեն տարվա հավակնորդները ոգեշնչել են մեզ իրենց աշխատանքով և իրենց խոսքով: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամբողջ աշխարհից նոր հերոսների պատմություններին ծանոթանալուն»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Մերի Ռոբինսոնը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լորդ Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: