ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով Հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին ընդառաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստան կժամանեն հաղորդաշարի տարբեր տարիների հերոսներ, հաղորդում է «Հայերն Այսօր»-ը:
Գարո Փալյան, Միշել Լեգրան, Հերնան Բերգամալի Կույումջյան, Բագրատ Ալեքյան, Մարկո Խան, Օրնելլա Մուտտի, Էլլադա Չախոյան, Սոնա Վան, Վահե Ստեփանյան, Ֆրիդա Ջորդան, Վիգեն Սեփիլյան և այլ անվանի հայեր տոնական այս օրերին Հայաստանում կլինեն՝ շնորհավորելու «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հոբելյանը, ինչպես նաև մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին:
«Շնորհակալ եմ բոլոր իմ հերոսներին, ովքեր ընդունել են հրավերս և ժամանում են կիսելու իմ ուրախությունը»,- նշել է «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: