Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիվանդություն չէ, որն անդառնալիորեն փոխում է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի է հետ շրջել ցածր կալորիականության սննդակարգի միջոցով, Լիսաբոնում հայտարարել է բրիտանացի հայտնի շաքարախտաբան Ռոյ Թեյլորը՝ ելույթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ընկերության խորհրդաժողովում:
«Շաքարախտավորների համար լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե դուք 10 տարվա ընթացքում շաքարախտ եք ունեցել, ապա դրա բոլոր
ախտանիշերը կարելի է վերացնել՝ ոչ մեծ քանակությամբ ճարպ կրճատելով ենթաստամոքսային գեղձից: Վատ նորությունն այն է, որ դա առայժմ
կարելի անել սոսկ քաշի կտրուկ պակասեցման միջոցով»,- հայտարարել է գիտնականը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության՝ աշխարհում կա 347 միլիոն շաքարախտով հիվանդ, ընդ
որում 10 շաքարախտավորից մոտավորապես յուրաքանչյուր 9-ը տառապում է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակության աճի հետևանքով:
Երկու տարի առաջ Թեյլորը և նրա գործընկերները, գիտափորձեր կատարելով մկների վրա, հայտնաբերել են, որ երկրորդ տիպի շաքարախտի
զարգացման պատճառը ենթաստամոքսային գեղձի և լյարդի ճարպակալումն է: Այդ օրգաններից ընդամեը մեկ գրամ ճարպի հեռացումն, ինչպես
ցույց են տվել գիտնականների փորձերը, լիովին վերացրել է հիվանդության բոլոր ախտանիշերը, այդ թվում նաև մարմնի մնացած բջիջներին
հարկադրել է «նորմալ» ընդունել ինսուլինի մոլեկուլները:
Այս հայտնագործությունը ոգեշնչել է գիտնականներին, և նրանք ստուգել են, թե նման եղանակը գործում է արդյոք նաև մարդու համար՝ հավաքելով
երկրորդ տիպի շաքարախտով տառապող մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբ, և նրանց նստեցրել հատուկ սննդակարգի, որը նպաստում
է ճարպի հեռացմանը լյարդից և ենթաստամոքսային գեղձից:
Այդ սննդակարգն, ինչպես նշել է շաքարախտաբանը, շատ է դուր եկել իր խնամարկյաներին, քանի որ այն նրանց թույլ է տվել դադարել մշտապես
քաղց և հոգնածություն զգալուց, և ըստ որում ազատվել հիվանդությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: