Armtimes.com-ի տեղեկություններով, Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ: Արարատի մարզի՝ հայ-թուրքական սահմանին հարող գյուղերի բնակիչները երեք օր է քննարկում են այս սահմանահատման դեպքը, եւ չգիտեն սահմանը հատած քաղաքացիները Թուրքիայի, թե՞ ՀՀ քաղաքացիներ են:
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունից մեզ առաջարկեցին տեղեկատվություն ստանալու համար գրավոր հարցում կատարել, իսկ ոստիկանությունից խոստացան ավելի ուշ պատասխանել:
Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 13-ից հետո գյուղում որոնողական աշխատանքներ չեն կատարվել: «Դեպքը եղել է երեկ չէ նախորդ օրը, երեկ՝ ժամը 5-ից հետո, մարդիկ արդեն գնացել են: Ոստիկաններ են եղել, զինվորականներ, բայց չեմ իմանում ինչ ոստիկաններ էին, համազգեստով էին»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքը լսել է, որ մարդիկ են անցել սահմանը:
«Իմ տղան Ղարաբաղում էր ծառայում, սեպտեմբերի 12-ին եկավ, ասեց՝ էս ի՞նչ զինվորականներ են, ասեցի՝ չեմ իմանում: Գնացի, հետաքրքրվեցի, տեսնեմ զինվորականները փողոցներով ման էին գալիս, ասեցին մութ է, որ լույսերը վառվի փողոցն անցնելուց կերեւան, այդպես օգնել ենք, լույսերը վառել ենք գյուղի»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինքը տեղեկություն չունի՝ գտե՞լ են այդ մարդկանց, թե՞ ոչ: