Armtimes.com-ն այսօր հետաքրքրվել է, թե Ազգային ժողովի պատգամավորներին ընդմիջմանն ինչ է առաջարկում կառույցի բուֆետը և արդյո՞ք ճաշացանկը բավարարում է նրանց պահանջներին: «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ տեղեկացրեց, որ պատգամավորներին առաջարկվում է մոտ 55 տեսակի սննդամթերք, որոնց թվում են աղցանները, տաք և սառը ճաշատեսակները:
Ճաշացանկում միայն 20-25 տեսակ աղցան ունեք, 18 տեսակ ճաշատեսակ, չհաշված, որ կան բաներ, օրինակ լանգետը, ձվածեղը պատվիրում են, նոր ենք սարքում: Շատ պատգամավորներ են գալիս, բոլոր կուսակցություններից էլ գալիս են»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է տնօրենը:
ԱԺ-ի բուֆետում ճաշատեսակները բավականին մատչելի են: Ամենաթանկ ճաշատեսակի արժեքը 1100 դրամն է: Տնօրենն անդրադառնալով՝ ճաշարանում առաջարկվող մատչելի գներին, նշում է.
«Էժան է, որովհետև ես ամեն ինչ անում եմ, որ էժան ձեռք բերեմ ապրանքներն, աշխատում եմ, որ գյուղացուց ձեռք բերեմ: Նույն բանը շուկայում 500 դրամ է, ես գյուղացուց 300 դրամով եմ գնում»,- ասում է Էդիկ Գրիգորյանը: