Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից սպանվածը ալավերդցի Կակուլն է. 1in.am
Advertisement 1000 x 90

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից սպանվածը ալավերդցի Կակուլն է. 1in.am

Այսօր Երևանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվածը Գագիկ Մոսինյանն է՝ Ալավերդի քաղաքի բնակիչ: Ալավերդիում նա ավելի հայտնի է Կակուլ մականունով և Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիմից է: Իսկ վիրավորը, որին արնաշաղախ տեղափոխել են հիվանդանոց՝ հենց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է:

Աբգարյանի վիճակի հետ կապված տեղեկություններ մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Իսկ ինչ վերաբերում է սպանվածին, ապա նա նույնպես քրեական դեմք է: Դեռևս սովետական տարիներին Ալավերդիում Երեմ անունով օրենքով գող է եղել, որը ներկայումս մահացել է: Երեմի հետ Ալավերդիում մշտապես շրջում էր, նրա աջ ձեռքն էր համարվում Իսո անունով մեկը: Նրանք ընկալվում էին որպես մեկ անձ: Այսօր Թուֆենկյանի մոտ սպանված Կակուլ մականունով Մովսիսյանը նույն Իսոյի եղբորորդին է: Նա նույնպես քրեական անցյալ ունի և ներգրավված է եղել Վահագն Աբգարյանի բոլոր սպանությունների ու հանցագործությունների մեջ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր Թուֆենկյանի մոտ կատարված սպանությունը անմիջականորեն կապված է անցած տարի մայիսին Ալավերդիում տեղի ունեցած սպանության հետ: Ոստիկաններն ու քննիչները շենքի բակում հայտնաբերել էին հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր, ևս մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Այս սպանությունը ևս վերագրվում էր Վահագն Աբգարյանին: Այս կրակոցներից հետո փորձ էր արվել սպանել Վահագն Աբգարյանին, կրակոցներ էին արձակվել նրա մեքենայի ուղղությամբ, սակայն նա չէր տուժել դրանից, քանի որ նրա «Համմեր» տեսակի մեքենան զրահապատ է: Ներկայումս դատարանում Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործը դատարանում է և քննություն է գնում:

Ալավերդցիները մեզ պատմեցին, որ քանի դեռ Վահագնը սպանված չէ, կողմերը չեն հանգստանա: Վենդետան անխուսափելի կլինի:

1in.am

Լուսանկարը՝ Photolure-ի