«Այդպիսի բան չկա: Դա սուտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ձեռքից խլել է իր առանձնատունը ինչ-ինչ չմարված հաշիվների դիմաց:
Մասնավորապես գրվել էր, որ «Երիցյանը առանձնատունը ցանկացել է վաճառել 4,5 միլիոն դոլարով, երբ հայտնվել է հանրությանը քաջածանոթ գործարար Սիլվա Համբարձումյանը և առաջարկել 4 միլիոն դոլար, և Երիցյանը համաձայնել է։
Հետագայում պարզվել է, որ մինչև առքուվաճառքի պայմանագիր կնքելը Սիլվա Համբարձումյանը որոշել է այն վաճառել 3 միլիոն դոլարով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ «Մեր տեղեկություններով՝ այնուհետև Երիցյանի հետ ուղիղ կապի մեջ է մտել Վլ. Գասպարյանը և ասել, որ առանձնատունը ինքն է գնում և պատրաստ է այն գնել 2,5 միլիոնով։ Երիցյանը ստիպված համաձայնել է։ Թե հետագայում ինչ ոստիկանական մեթոդներ են կիրառել Երիցյանի հանդեպ՝ հայտնի չէ, բայց առանձնատան գումարը նա այդպես էլ չի պահանջել ու չի ստացել»,- գրել է «Չորրորդ իշխանություն» թերթը:
«Սա ամբողջությամբ սուտ է: Ես Մոնումենտում գտնվող իմ առանձնատունը վաճառել եմ 5-6 տարի առաջ: Դա ուրիշին ենք վաճառել, արդեն մանրամասները չեմ էլ հիշում, չգիտեմ էլ՝ դրանից հետո ինչ է եղել: Անցած տարի էլ մի նման բան գրեցին, չեմ հասկանում, թե նպատակը որն է: Կրկնում եմ՝ նման բան չկա: Սուտ խոսակցություններ են: Առանձնատունը վաղուց վաճառված է, նորն էլ չունեմ, որ վաճառեի»,- մեզ հետ զրույցում ասաց Երիցյանը:
Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ևս մեզ հետ զրույցում հերքել էր գործարքին իր մասնակցության հանգամանքը: «Այդպիսի բան չկա: Ես ոչ մեկի հետ ոչ մի առքուվաճառք չեմ արել. կարող եք կադաստրից հարցում անել: Ձեր նշած անձանց հետ առհասարակ ոչ մի գործարք չի եղել»,- ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը: