Արմավիրի մարզի գյուղերից մեկում ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա Նարեկի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա: Արդեն նաև կարելի է ասել, որ անցել է երեխայի կյանքին սպառնացող վտանգը:
Այս մասին տեղեկացանք Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից: Նա նշեց, որ տղայի կենսական ֆունկցիաները վերականգնված են, նա արդեն շնչում է առանց արհեստական շնչառության սարքի:
Նարեկը շարունակում է գտնվել նշված բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքում:
Նա փորձել էր ինքնասպանություն գործել սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում: Եղբորը հայտնաբերել էր ընտանիքի մեծ որդին, կարողացել էր կտրել պարանը, ինչի շնորհիվ էլ Նարեկի ձեռնարկը մինչև վերջ չէր իրագործվել:
Գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Ավագյանը նույնպես ուրախությամբ ընդգծեց, որ տղան աստիճանաբար ապաքինվում է, որ կարողանում է արդեն ինքնուրույն նստել: Խոսելով կատարվածի դրդապատճառների մասին՝ նա փոխանցեց. «Նարեկը, գիտակցության գալով, հորն ասել է՝ պապ ջան, կներեք, կատակ էի անում»: