Ղազախստանում խենթանում են հայկական կոնյակի ու խորովածի համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ղազախստանում խենթանում են հայկական կոնյակի ու խորովածի համար. armeniasputnik.am

Հայկական խորովածը, առավել ևս կոնյակը ծանոթ է Ղազախստանի յուրաքանչյուր բնակչին։ Հայաստանից բերված կոնյակը Ղազախստանում համարում են բրենդ, որը կարող է մրցակցել աշխարհի ցանկացած կոնյակի հետ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստանայի երիտասարդության գործարար խորհուրդ» կազմակերպության նախագահ Կայիրբոլատ Սախմետովը։

Կայիրբոլատը Հայաստան է ժամանել տեղի մասնագետների հետ կապեր հաստատելու համար։ Նա նախատեսում է հաջորդ տարի Աստանայում հայ-ղազախական երիտասարդական հասարակական ֆորում անցկացնել և դաշինք ստեղծել, որի կազմում կընդգրկվեն երկու երկրի մասնագետները։

«Հայկական կոնյակը բարձր է գնահատվում Ղազախստանում։ Պրեմիում դասի արտադրանք է համարվում։ Աստանայում հայկական ռեստորանները քիչ են, իսկ հայկական խոհանոցը մեծ պահանջարկ կունենա մեր բնակչության շրջանում։ Հատկապես հայկական խորովածը, որը միայն հայերը կարող են պատրաստել», — ասաց Կայիրբոլատը։

Նրա խոսքով` ցանկացած ղազախ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը. հայերը` հյուրընկալ ժողովուրդ են, այդ պատճառով էլ հյուրերին և հատկապես ընկերներին աղ ու հացով են դիմավորում։ Ղազախ ընկերներն էլ հետ չեն մնում։ Հետևաբար երկու նույնատիպ մտածելակերպ ունեցող ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն, որոնց ուղղությամբ աշխատել է պետք։

«Ղազախստանում հայկական մեծ համայնք կա, որը շատ միասնական է։ Քաղաքներում հյուպատոսություններ են բացվում։ Հայերն իրենց ներդրումն են անում երկրի տնտեսության մեջ, հայ պատգամավորներ ու հայտնի գործարարներ կան», — ասաց Կայիրբոլատը։

Երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով Կայիրբոլատը մտադիր է հաջորդ տարի Աստանայում հայ-ղազախական երիտասարդական ֆորում անցկացնել։

«Այսօր Հայաստանում փորձում եմ գործընկերական հարաբերություններ հաստատել երիտասարդ հայ առաջնորդների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի դրա հիման վրա հայ-ղազախական երիտասարդության դաշինքի նման հարթակ ստեղծենք», — ասաց Կայիրբոլատը։

Նա համոզված է, որ երկկողմ հարաբերությունները կարող են զարգանալ ինչպես հասարակական հիմունքներով, այնպես էլ տնտեսական ոլորտում։

Երևանում սեպտեմբերին անցկացվեց հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կողմերը տարբեր ոլորտներում (տնտեսությունից մինչև մշակույթ) համագործակցության մասին 6 փաստաթուղթ ստորագրեցին։ Ինչպես նաև հաջողվեց եղբայրական հարաբերություններ հաստատել երկու երկրի մարզերի միջև։ Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին։

armeniasputnik.am