Նոր տարվան ընդառաջ՝ «Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի գնային փոփոխություններ է իրականացրել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ներկայացրեց, թե ինչ անակնկալ են պատրաստել իրենց ուղևորների համար:
«Ինչպես հիշում եք, մեզ շատ դժվարությամբ, իհարկե, քաղաքացիական ավիացիայի և Հայաստանի կառավարության օգնությամբ, հաջողվեց այնպիսի ուղղությամբ չվերթեր իրականացնել, ինչպիսին Իսրայելն է: Նոր տարվան ընդառաջ՝ մենք որոշել ենք մի փոքրիկ անակնկալ մատուցել: Ինչպես նկատում եք, ավելի շատ մարդ է սկսել թռչել Հայաստանից Իսրայել և՝ հակառակը: Դրանից ելնելով, որպեսզի նաև ավելացնենք ուղևորների թիվը, դեկտեմբեր ամսին մենք առաջարկում ենք ընդամենը 220 դոլար հետադարձով տոմս՝ Երևանից-Թել Ավիվ՝ մեկ շաբաթով: Նույնը նաև Իսրայելից՝ Երևան: Ամսի 30-ին և 31-ին կլինեն հավելյալ չվերթեր դեպի Իսրայել, հետադարձով՝ հունվարի 6-ին և 7-ին: Մենք առաջարկում ենք դրա համար ընդամենը 175 դոլար: Որպեսզի Իսրայելի քաղաքացիներին ցույց տանք, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, պետք է ինչ-որ բանով գրավենք՝ տալով հնարավորություն՝ ինչքան հնարավոր է՝ ավելի էժան այցելել Հայաստան»,- նշեց Ռ. Օգանեսյանը:
Նրա խոսքով՝ Իսրայելից բացի՝ իրենք դեկտեմբերի 18-ից վերականգնում են չվերթերը Բեյրութի հետ, որը ժամանակավորապես դադարեցրել էին: