«Հրապարակը» գրում է. «Ամենայն լրջությամբ եմ ընդունում, երբ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ ես պետական այր եմ։ Նույն լրջությամբ էլ ընդունում եմ, երբ ասում է՝ ես իշխող կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ եմ և տալիս եմ իշխող կուսակցության կարծիքը, ես մեկնաբանում եմ պաշտոնականը:
Մնում է շնչասպառ սպասել, թե Շարմազանովը պետական ինչ գնահատական է տալու ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի ժամանակ Հայաստանի հասցեին հնչած վիրավորական մեկնաբանություններին։
Մասնավորապես, երբ այդ հաղորդման հեղինակներն ու փորձագետները, անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ կնքված համաձայնագրին, Հայաստանը համեմատում էին ամուսնացած կնոջ հետ, ով որոշել է սիրավեպ սկսել մեկ այլ տղամարդու հետ:
Մի կողմից Շարմազանովը պետական գնահատական է տալիս, ասելով՝ «Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամական դաշնակցային հարաբերություններից»: Մի այլ տեղ կարդում եմ այլ «պետական մոտեցում»․
«Եթե ինչ-որ մեկը ալեգորիայով է ցանկանում խոսել հայերի ու Հայաստանի մասին, ապա ասեմ, որ այդ դեպքում հայերը կարող են միայն հանդես գալ ամուսնու, հակառակ դեպքում տղամարդ սիրեկանի դերում․․․» Lragir.am
Հ.Գ. Սիրեկանների դեպքում հայերը տղամարդու դերում են։ Մնացած դեպքերում որպես ամուսին են հանդես գալիս։ Այդ հարցն է, որ հանրությանը հետաքրքրում էր ու պետական մակարդակով պիտի որոշվեր։ Լավ է, շատ լավ»։
Հասմիկ Բաբաջանյան