Հայկ նահապետից մինչև քառօրյա պատերազմի հերոսներ. ընթերցասերների դատին հանձնվեց «Հերոսապատում» գիրքը
Advertisement 1000 x 90

Հայկ նահապետից մինչև քառօրյա պատերազմի հերոսներ. ընթերցասերների դատին հանձնվեց «Հերոսապատում» գիրքը

Բանաստեղծ, լրագրող, խմբագիր Սամվել Մարգարյանի հայրենասիրական թեմայով գրված «Հերոսապատում» գրքի պոեմներն ու բանաստեղծություններն անդրադառնում են Արցախի, Հայոց բանակի, Հայոց դատի նվիրյալներին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գրքում զետեղվել են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները: Հատկապես ընդգծված են արցախյան պատերազմի հերոսամարտի և՛ զոհված, և՛ կենդանի հերոսների մասին գործերը: Կա անդրադարձ Սարդարապատի ճակատամարտին, ապրիլյան քառօրյա պատերազմին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ պոեզիան ինքնին զինվոր է մարտադաշտում:

Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի խոսքով`Սամվել Մարգարյանն իր տպագրած առաջին գրքից մինչ «Հերոսապատում» ժողովածուն հավատարիմ է մնացել այն թեմաներին, որոնք միշտ առկա են եղել իր ստեղծագործություններում: «Դրանք են հայրենիքը, հերոսները, հայոց պատմությունը, քաղաքները, ի վերջո սերը ոչ միայն հայրենիքի, այլև կնոջ, սիրած աղջկա և աշխարհի նկատմամբ»,-ասաց Դեմիրճյանը:

«Ապրելով այս հողի վրա`մենք երբեք չենք մոռանում հանուն հայրենիքի արյուն թափած հերոսներին: Այս ժողովածուում անդրադարձել եմ Հայկ նահապետից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներին, փորձել դեպքերն ու իրադարձությունները գեղարվեստորեն, բանաստեղծական ներկայացնել: Հնարավոր չեղավ բոլորի մասին մի գրքում գրել, հետևաբար այն շարունակություն կունենա»,-շեշտեց գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում քաջության բազում էջեր է ունեցել, սակայն իր համար վճռական, ճակատագրական սխրանքներն  Ավարայրի, Սարդարապատի հերոսամարտերն են և Արցախի ազատագրումը:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես գրողներ, այնպես էլ` Արցախի ազատագրմանը մասնակցած հերոսներ և քառօրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ: