Ադրբեջանը հաշվել է` քանի հայ է այցելել Բաքու 2017 թվականին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հաշվել է` քանի հայ է այցելել Բաքու 2017 թվականին. armeniasputnik.am

Ադրբեջանը հաշվել է Բաքու այցելած հայերի թիվը։ Իսկ ովքե՞ր են նրանք։

2017 թվականին Հայաստանի վեց քաղաքացի այցելել են Ադրբեջան։ Այս մասին նշված է այդ երկրի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հաշվետվության մեջ։ Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջան են այցելել 190 երկրի 2 691 998 օտարերկրյա քաղաքացի, նրանցից վեցը Հայաստանից են եղել։

Sputnik Արմենիան վերլուծում է` ով և ինչու է Հայաստանից Բաքու գնացել, և Ադրբեջանի մայրաքաղաքը որքան է հյուրընկալ եղել «անկոչ» հայերի նկատմամբ։

Ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են այդ մարդիկ։ Սկսենք նրանից, որ երկուսը հայկական խորհրդարանի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչներն են։ Սեպտեմբերի 22-ին Բաքվում ՀՀ ԱԺ պատգամավորներից երկուսը մասնակցեցին մի համաժողովի, որ կազմակերպել էր Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթական, մշակութային հարցերով հանձնաժողովը։ Խոսքը Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի մասին է։

Մնացին ևս չորսը։ Դժվար չէ գուշակել, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, «խաղաղասեր» հայերի մասին է, որոնք որոշել են մասնակցել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության քաղաքացիական հարթակին»։

«Հարթակի» ամենաակտիվ մասնակիցները հայտնի Վահան Մարտիրոսյանն ու Սյուզան Ջաղինյանը Ադրբեջան էին փախել 2017 թվականից առաջ։ Սակայն Ջաղինյանը Թբիլիսի էր գնացել` «հարթակի» արտագնա նիստին մասնակցելու ու հետո Բաքու էր վերադարձել (այսպիսով համալրելով 2017 թվականի վիճակագրությունը)։ Իսկ Մարտիրոսյանը երկար «խաղաղասիրական» առաքելությունից հետո 2017 թվականին հասցրել է բարեհաջող լքել երկիրը` «անկեղծ զղջումը» համացանցում հրապարակելով։

Բաքու այցելած ՀՀ քաղաքացիների շարքում հիշատակվում է 1940 թվականի ծնված ոմն Լիդա Բալասանյան։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ նա դեռ 2017 թվականի սկզբին պետք է տեղի քաղաքացիություն ստանար։

Իշխանությունների հրավերով «հարթակին» մասնակցելու էին գնացել նաև այդ քաղաքում ծնված Էրիկ Խաչատուրովն ու Օքսանա Ալթունյանը, թեև տվյալ դեպքում դժվար է խոսել հայկական քաղաքացիության մասին։
Երկրորդ փորձից (առաջին փորձի ժամանակ նա 9 ժամ օդանավակայանում է նստել ու հետ գնացել) Ադրբեջանի մայրաքաղաք է այցելել Շվեդիայում ապրող Վահե Ավետյանը, սակայն դա 2016 թվականին էր։

Ադրբեջանի իշխանությունների կողմից չարտոնած այցելությունները

Իշխանությունների կազմակերպած, քարոզչական նպատակներով օգտագործվող «պետքական» հայերի այցելությունները լայնորեն լուսաբանում են տեղական լրատվամիջոցները։ Պատկերը բոլորովին այլ է այն մարդկանց դեպքում, որոնք ինքնակամ են որոշել Ադրբեջան այցելել։

Այսպես` Մարատ Ուելդանովը, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց հայ, Ադրբեջանում ձերբակալվել է 2016 թվականի հուլիսին` «խոշոր չափով թմրանյութեր ձեռք բերելու, արտադրելու ու պահելու» մեղադրանքով։

Մարատը երկար ժամանակ Բաքվում է աշխատել` պարբերաբար մեկնելով Մոսկվա։ Նա կնոջ ազգանուն է վերցրել ու այդ ազգանունով մեկնել Ադրբեջան։ Նրա հայկական ազգանվան մասին իմանալուց հետո Մարատը մեխանիկորեն դարձավ թմրանյութ վաճառող։

Ռուսաստանի քաղաքացի Վիկտորյա Աղոյանը 2017 թվականի փետրվարին չի կարողացել Բաքվի օդանավակայանից այն կողմ անցնել, երբ այնտեղ է գնացել համալսարանական խմբի հետ` որպես զբոսաշրջիկ։ Եվս մեկ դեպք էլ մայիսին է պատահել։ 8 տարեկան երեխային արգելել են Ադրբեջան մուտք գործել` նրա հայկական ազգանվան պատճառով։ Մայրը ստիպված է եղել երեխային Բաքվի օդանավակայանից հետ ուղարկել։

2017 թվականին այդ խնդրին է անդրադարձել Ռուսաստանի ԱԳՆ-ն`պահանջելով դադարեցնել Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք հայկական ազգանուն ունեն։ Միայն 2017 թվականի առաջին կեսին Ռուսաստանի 25 քաղաքացու արգելելն են մուտք գործել Ադրբեջան։ ՌԴ ԱԳՆ տվյալների համաձայն` որպես կանոն, ռուսաստանցիներին ժամերով պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում թողնելով առանց սննդի, ջրի ու բժշկական օգնության, իսկ հետո ստիպողաբար, հենց նրանց հաշվին հետ են ուղարկել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ռուսաստանին. «Անցանկալի էքցեսներից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ համապատասխան կարգավորումներ կիրառել»։

Ամենայն հավանականությամբ այդ թվի հետ կապ չունեն առասպելական «120 հազար հայերը» (այդ թիվը նշել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Զաքիր Էմինովը), որոնցից «20 հազարը Բաքվում են բնակվում»։

armeniasputnik.am