Դերասանուհի Դիանա Գրիգորյանը մասնագիտությունից զատ հետաքրքրված է նաև դիմահարդարմամբ: Նա որոշ ժամանակ դիմահարդարման կուրսեր է անցել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ դեռ չի պատրաստվում դիմահարդարմամբ զբաղվել, բայց սիրում է տեղեկացված լինել և հետևել նոր միտումներին:
«Դիմահարդարման դասընթացի գնացել եմ ինձ համար: Դեռ մտքեր չկան այն մասնագիտություն դարձնել: Ինքս եմ իմ դիմահարդարումն անում: Նախընտրում եմ հետևել տենդեցներին: Սիրում եմ ավելի պարզ դիմահարդարում»,- ասաց դերասանուհին:
Խոսելով դիմահարդարման կանոններից` Դիանան նշեց. «Հիմա գրեթե բոլոր աղջիկներն առանց դիմահարդարման տանից դուրս չեն գալիս: Որոշները հետևում են տենդեցներին, որոշներ` ոչ: Ինքս հետևում եմ, թե ինչն է նորաձև, ինչը` ոչ: Դիմահարդարները խորհուրդ են տալիս, որ ավելի քիչ օգտագործել տոնային քսուկ և ավելի բնականին մոտ պարզ դիմահարդարում անել: Հատկապես առօրյայում գեղեցիկ է, երբ ամեն ինչ նուրբ է արված, իսկ երեկոյան խնջույքներին կարելի է թույլ տալ ավելի ընդգծված, վառ դիմահարդարմամբ ներկայանալ: Շատ աղջիկներ տոնային քսուկը չարաշահում են կամ իրենց մաշկին ոչ համապատասխան տոնային քսուկ են օգտագործում, որը խրախուսելի չէ: Չեմ սիրում, երբ առօրյայում կարմիր շրթներկ են քսում: Ցերեկը գեղեցիկ է ավելի բաց և նուրբ երանգների շրթներկը»:
Դիանայի խոսքով` թերևս ամենաօգտագործվող ստվերաներկը շագանակագույնի երանգներն են: «Աղջիկների շրջանում շատ եմ նկատում, որ օգտագործում են ստվերաներկի շագանակագույնի բոլոր երանգներն: Ես ինքս էլ նախընտրում եմ այդ գույնը: Սխալ կարծիք կա, որ սև ստվերաներկը նորաձև չէ, բայց եթե ամեն ինչ ճիշտ չափով արվի և ավելի նուրբ, ապա այն գեղեցիկ կկդիտվի: Ես չեմ ընդունում, երբ աչքերն ու շուրթերը վառ ընդգծված են: Ինձ համար ավելի գեղեցիկ է, երբ դրանցից որևէ մեկն է ընդգծված»,- եզրափակեց Դիանան: