Proper ընկերությունը Հայաստանում մեկնարկում է Precious Plastic Armenia նախագիծը, որը նպատակ ունի սկսել պլաստիկի փոքր ծավալների վերամշակում և դրանից ստանալ կայուն եւ մրցունակ արտադրանք: Նախագծի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանի հետ:
Precious Plastic. Նիդեռլանդներ
Precious Plastic նախագիծը մշակվել է Նիդեռլանդներում՝ երիտասարդ դիզայներ Դեյվ Հեքենսի կողմից: Վերջինս իր ուսումնասիրությունների ընթացքում նկատել է, որ պլաստիկի վերամշակումը, որպես կանոն, իրականացվում է թանկարժեք տեխնիկա ունեցող մեծ գործարաններում, ուստի իր առջև նպատակ է դրել այն տեղափոխել փոքր, այսպես կոչված, համայնքային դաշտ: Որպես խնդրի լուծում և որպես իր ավարտական աշխատանք՝ նա նախագծել է այն 4 հիմնական գործիքները, որոնք պահանջվում են պլաստիկի վերամշակման փոքր ստուդիա հիմնադրելու համար:
Աղբի վերամշակումը Հայաստանում
Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում ներդրումներ կատարելուն խանգարում են բազմաթիվ տարբեր ռիսկեր և խոչընդոտներ, օրինակ՝ համապատասխան կառույցների և ենթակառուցվածքի բացակայությունը, պետական-մասնավոր ընկերությունների համագործակցության ցածր մակարդակը, ինչպես նաև թափոնների վերամշակման և կառավարման կարևորության մասին տեղեկացվածության պակասը:
«Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում վերամշակվում է պոլիէթիլենտերեֆտալատային պլաստիկ (PET) շշերի միայն 15%-ը, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 50% է: Այլ տեսակի պլաստիկ նյութերի մասին տվյալներ չկան,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Proper ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանը: -Հավաքված շշերը վերամշակվում են և ուղարկվում հիմնականում Գերմանիա և Ռուսաստան: Մնացած մասը մնում է տեղում՝ ավելացնելով հողի բեռնվածությունը, աղտոտելով ջրի աղբյուրները, գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաև վտանգելով կենսաբազմազանությունը և հանրային առողջությունը»:
Մյուս կողմից, Մարիաննայի խոսքով, պլաստիկը արտադրության համար բավական հետաքրքիր նյութ է, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ ստանալու կայուն և երկարաժամկետ օգտագործման արտադրանք: «Ցավալի է, որ պլաստիկ իրերը մարդկանց շրջանում ունենում են այդքան կարճ՝ միանգամյա օգտագործման կյանք ունի, մինչդեռ բնության մեջ դրանց քայքայման համար անհրաժեշտ է 500-1000 տարի»,- ասում է Մարիաննան:
Ամբողջությամբ՝ banks.am