Հայաստանյան թավշյա հեղափոխության մասին խոսելիս շատերն ասում են, թե «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իրականացրել է «գունավոր հեղափոխությունների գաղափարախոս» Ջին Շարփի (լուսանկարում) հայտնի տեսությունը ոչ բռնի մեթոդների մասին: Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարում էր, որ որդեգրել է «բաց ձեռքերի» և զրո դիմադրության մարտավարություն, ինչն այդպես էլ եղավ: Եվ ինչպես փաստում են միջազգային լրատվամիջոցները, վերլուծաբանները՝ առանց որևէ կրակոցի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը Հայաստանում իրողություն դարձավ:
Շարփը նկարագրել է ոչ բռնի պայքարի 198 մեթոդ և դրանց փոխազդեցության որոշ տարբերակներ։ Ըստ նրա, որևէ հստակ ուղեցույց չկա, սակայն իր նշած մեթոդները կիրառելի են ցանկացած երկրում՝ ցանկացած համադրություններով։ Օրինակ, հեղինակը նշել է իշխանությունների հետ համագործակցության չգնալու երեք կատեգորիաների ՝ սոցիալական (ներառում է 16 մեթոդ) քաղաքական (38 մեթոդ), տնտեսական կատեգորիաների մասին։
Վերջինս իր հերթին բաժանվում է բոյկոտների (26 մեթոդ) և գործադուլների (23 մեթոդ)։ Շարփի մեթոդների թվում են հրապարակային ելույթները, հաստատությունների և կազմակերպությունների միանալու կոչերը, հայտնի մարդկանց ուղղված հրապարակային հայտարարությունները, դատապարտումը, փողոցների արգելափակումը և այլն: Իսկ լայն զանգվածների հետ աշխատելիս կիրառելի են՝ լոզունգները, ծաղրանկարները, խորհրդանիշները, պամֆլետները, մագնիտոֆոնային ձայնագրությունները, օդում ինչ-որ բաներ խորհրդանշական բաց թողնելը, «փողոցային» օրենքների սահմանումը, հեղափոխական «աքսեսուարների» կիրառումը:
Եթե զուգահեռներ տանենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման ժամանակ էլ այս ամենը նկատելի էին՝ սկսած գունավոր ծխով հեղափոխությունն ազդարարելուց, վերջացրած ՀՀ նախկին նախագահի «թաղումներով», նրան բնորոշ խորհրդանիշների կիրառմամբ, ծաղրանկարներով: Հանրահավաքներին «թագադրված» ցուցարարներով, ինքնատիպ պաստառներով ու գործողություններով՝ «մանկասայլակներով երթ», «ժիլետներով ֆլեշմոբ» և այլն: Երևանում նույնպես փողոցներ փակվեցին, դասադուլներ, գործադուլներ եղան, եղան «նստած» ցույցեր, ինչի մասին նշել է ոչ բռնի պայքարի տեսության հիմնադիրը:
Ամբողջությամբ՝ aravot.am